Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքով ձևավորվեց նոր՝ 8-րդ գումարման խորհրդարանը։ Այդ ընտրություններն, ըստ էության, աննախադեպ էին՝ թե՛ մասնակից կուսակցությունների քանակով, թե՛ պայմանավորված այն փաստով, որ միտված էին քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը։ Թեպետ ԱԺ չանցած ուժերը դժգոհ էին ընտրությունների արդյունքներից, ինչպես նաև ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, սակայն հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած իշխանությունը, ըստ էության, լեգիտիմ ճանաչվեց հանրության կողմից, իսկ քվեարկության ժամանակ էական ընտրախախտումներ չարձանագրվեցին։ Radar Armenia-ն առաջարկում է հետահայց ձգել Հայաստանի խորհրդարանական անցյալին պարզելու, թե երբ են տեղի ունեցել ԱԺ ընտրությունները, ինչ խմբակցություններ են ձևավորվել, ովքեր են կազմել իշխանություն, ովքեր՝ ընդդիմություն և այլ փաստական հետաքրքիր տվյալներ։
ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 75 համամասնական և 56 մեծամասնական ընտրակարգով) տեղի են ունեցել 2003թ. մայիսի 25-ին: Ըստ ընտրությունների արդյունքի` օրենքով սահմանված հինգ տոկոսի սահմանագիծը հաղթահարեցին 6 կուսակցություն և դաշինք հետևյալ համամասնությամբ. Հայաստանի հանրապետական կուսակցություն` 23,66 տոկոս (23 պատգ.), «Արդարություն» դաշինք` 13,71 տոկոս (14 պատգ.), «Օրինաց երկիր» կուսակցություն` 12,60 տոկոս (12 պատգ.), Հայ հեղափոխական դաշնակցություն` 11,45 տոկոս (11 պատգ.), «Ազգային միաբանություն»` 8,91 տոկոս (9 պատգ.), Միավորված աշխատանքային կուսակցություն` 5,67 տոկոս (6 պատգ.):
2003թ. հունիսի 12-ին բացվեց ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը, իսկ նախագահի տեղակալներ ընտրվեցին Տիգրան Թորոսյանը և Վահան Հովհաննիսյանը: Ընտրվեցին նաև մշտական հանձնաժողովների նախագահներ: 2006թ. մայիսի 22-ին Արթուր Բաղդասարյանը հրաժարական ներկայացրեց: Հունիսի 1-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը:
Այս խորհրդարանը պատմության մեջ մնաց որպես ամենահնազանդը, որից էլ ծագեց «կոճակ սեղմելու» ավանդույթը։ Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշումներն ու կառավարության առաջարկությունները գրեթե առանց լուրջ դիմադրության դակվում էին խորհրդարանի կողմից, որտեղ ընդդիմությունը հայտարարել էր բոյկոտ, իսկ իշխանական խմբակցությունները աշխատում էին «տաղտուկ» ռեժիմում։ Այդ ռեժիմը խափանվեց միայն 2006թ., երբ Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց ԱԺ խոսնակի պաշտոնից՝ երկու տարի անց նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու դառնալու հեռանկարն աչքի առաջ ունենալով։
Ի դեպ, 2004թ. ապրիլի 12-ին Ազգային ժողովի առջև՝ Բաղրամյան պողոտայում, Սահմանադրական դատարանի որոշման գործարկում պահանջող ընդդիմության ցույցը բռնությամբ դադարեցվեց հենց Ազգային ժողովից դուրս եկած հատուկ ջոկատայինների կողմից, ինչը նպաստեց այս խորհրդարանի արժեզրկմանը։ Ընդդիմության առաջնորդներն էին Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանը՝ «Արդարություն» խմբակցության առաջնորդը ու Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը։
Ազգային ժողովում ստեղծվեցին պատգամավորական 6 խմբակցություն` «Հայաստանի հանրապետական կուսակցություն» (13.06.2003թ., 40 պատգ.), «Օրինաց երկիր» (13.06.2003թ., 20 պատգ.), «Արդարություն» (13.06.2003թ., 14 պատգ.), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (13.06.2003թ., 11 պատգ.), «Ազգային միաբանություն» (13.06.2003թ., 8 պատգ.), «Միավորված աշխատանքային կուսակցություն (13.06.2003թ., 6 պատգ.), և մեկ պատգամավորական խումբ` «Ժողովրդական պատգամավոր» (13.06.2003թ., 16 պատգ.): Խմբակցություններում և պատգամավորական խմբում ընդգրկված չէր 14 պատգամավոր:
ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովն իր առաջին նիստը գումարել է 2003թ. հունիսի 10-ին, իսկ վերջինը` 2007թ. ապրիլի 9-ին: Գումարվել են 9 հերթական, 11 արտահերթ նստաշրջան և 25 եռօրյա, 23 չորսօրյա, 10 արտահերթ նիստ:
Երրորդ գումարման ընթացքում ընդունվել է 980 օրենք, որոնցից 152-ը` «մայր», 828-ը` փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Ընդունված օրենքներից 89-ի հեղինակները Ազգային ժողովի պատգամավորներն էին, 875-ինը` ՀՀ կառավարությունը, իսկ 16-ը մշակվել էր համատեղ:
Ընդունվել է 1400 որոշում, որոնցից 333-ը` նորմատիվային, իսկ 1067-ը` արձանագրային: Վավերացվել է 256 միջազգային պայմանագիր: