Ռետրո

Հեղաշրջման պառլամենտը

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքով ձևավորվեց նոր՝ 8-րդ գումարման խորհրդարանը։ Այդ ընտրություններն, ըստ էության, աննախադեպ էին՝ թե՛ մասնակից կուսակցությունների քանակով, թե՛ պայմանավորված այն փաստով, որ միտված էին քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը։ Թեպետ ԱԺ չանցած ուժերը դժգոհ էին ընտրությունների արդյունքներից, ինչպես նաև ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, սակայն հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած իշխանությունը, ըստ էության, լեգիտիմ ճանաչվեց հանրության կողմից, իսկ քվեարկության ժամանակ էական ընտրախախտումներ չարձանագրվեցին։ Radar Armenia-ն առաջարկում է հետահայց ձգել Հայաստանի խորհրդարանական անցյալին պարզելու, թե երբ են տեղի ունեցել ԱԺ ընտրությունները, ինչ խմբակցություններ են ձևավորվել, ովքեր են կազմել իշխանություն, ովքեր՝ ընդդիմություն և այլ փաստական հետաքրքիր տվյալներ։ 

ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները (190 պատգամավոր` 150 մեծամասնական և 40 համամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 1995թ. հուլիսի 5-ին: Օրենքով սահմանված 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարեց 5 կուսակցություն, որոնց միջև տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. «Հանրապետություն» միավորում` 50 տոկոս (20 պատգ.), «Շամիրամ»` 20 տոկոս (8 պատգ.), ՀԿԿ` 15 տոկոս (6 պատգ.), ԱԺՄ` 7,5 տոկոս (3 պատգ.), ԱԻՄ` 7,5 տոկոս (3 պատգ.): Ազգային ժողովում ստեղծվեց նաև «Բարեփոխումներ» պատգամավորական խումբը (31 պատգ.): 21 պատգամավոր ընդգրկված չէր որևէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում: Հետագայում ձևավորվեց «Երկրապահ» պատգամավորական խումբը (17 պատգ.): ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը:

1998թ. փետրվարի սկզբին Հայաստանում իշխանական ճգնաժամը հասավ գագաթնակետին: Մեկ օրվա մեջ «Հանրապետություն» խմբակցությունը մեծամասնությունից վերածվեց փոքրամասնության։ Բազմաթիվ պատգամավորներ լքեցին խմբակցությունն ու անցան «Երկրապահի» շարքերը, որի փաստական ղեկավարը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն էր։ Պնախարարին, վարչապետ Ռոբերտ Քոչարյանին և ՆԳՆ ու ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին սատարող «Երկրապահ» խմբակցությունը դարձավ մեծամասնություն՝ դեմ գնալով նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քաղաքականությանը։ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ, որին հետևեց գործադիր իշխանության բազմաթիվ ներակայացուցիչների, ինչպես նաև Ազգային ժողովի ղեկավարության հրաժարականը: Հրաժարականներ տվեցին ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, փոխխոսնակներ Արա Սահակյանն ու Կարապետ Ռուբինյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ։ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Խոսրով Հարությունյանը: 

ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի աշխատանքներն սկսվել են 1995թ. հուլիսի 27-ին և ավարտվել 1999թ. հունիսի 9-ին: Գումարվել են 9 հերթական, 12 արտահերթ նստաշրջան, 64 հերթական, 14 արտահերթ և 2 հատուկ նիստ: Առաջին գումարման Ազգային ժողովն ընդունել է 302 օրենք, որոնցից 144-ը` «մայր», իսկ 158-ը` փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Վավերացվել է 154 միջազգային պայմանագիր: Ընդունվել է 658  որոշում, որոնցից 331-ը` նորմատիվային, 327-ը` արձանագրային: