ՀՅԴ կուսակցության մասին նրա գործունեության ավելի քան 100 տարիների ընթացքում բազմաթիվ գործիչներ են մեկնաբանություններով հանդես եկել։ Դրանցից մեկն էլ Գարեգին Նժդեհն է, որի ձևակերպումները Դաշնակցության հասցեին գուցե խիստ են ու թրատող, սակայն չափազանց հետաքրքիր ոչ միայն նախընթաց շրջանի պատմությունը իմանալու, այլև ներկայումս այդ կուսակցության գործունեությունը ըմբռնելու ու դիրքորոշում ունենալու առումով։ Radar Armenia-ն ներկայացնում է Գարեգին Նժդեհի գնահատականները ՀՅԴ-ի մասին։ Հատվածներ Գ. Նժդեհի «Երկերից», հատոր 2, էջ. 447-458։
- Անհնարին է զուգահեռներ անցկացնել Դաշնակցության սկզբնական եւ այժմյան ղեկավարների, այն ժամանակվա հայդուկների ու հետո եկած մաուզերիստների միջեւ` առանց հիանալու առաջիններով եւ խորապես նողկալով վերջիններից: Իսկապես, ի՞նչ համեմատություն կարող է լինել Նիկոլ Դումանի եւ ավազակ Դրոյի, լեգենդար Սերոբի ու մորթապաշտ Տեր-Մինասյանի (Ռուբեն փաշա) միջեւ։
- Հայկական կուսակցությունների քաղաքական պայքարը խորապես պառակտեց հայ ժողովրդին` թուլացնելով նրա դիմադրական ուժն այն պահին, երբ, Թուրքիայում տեղի ունեցող հեղափոխական իրադարձություններին համապատասխան, հայությունից պահանջվում էր լինել համերաշխ, միակուռ, ընդունակ ինքնապաշտպանության: Հայության ակտիվ տարրերը, ի ուրախություն մեր արտաքին թշնամիների, այդ օրերին, երբ սուլթանական բռնակալության դեմ պայքարող Երկրի հայերը նրանց աղաչում էին ուղարկել ղեկավար ուժեր ու զինամթերք, իրենց ժամանակը եւ ուժը վատնում էին ներքին ճակատում: Բռնկված ներքին հակամարտությամբ` նրանք թշնամուն հնարավորություն ընձեռեցին անզիջում եւ անպատիժ շարունակել հայերի ոչնչացման քաղաքականությունը։
- Ինչպես Դաշնակցության աշխարհայացքը, այնպես էլ` նրա քաղաքականությունը միշտ տառապել են հակասություններից, բայց առավել աղաղակող հակասությունը մնում է այն հանգամանքը, որ նա, նույնիսկ սոցիալիզմի որդեգրումից հետո, հայկական հարցի լուծման համար (ինչպես ժամանակին Գրիգոր Արծրունին եւ մշակականները) լծվեց եվրոպական իմպերիալիզմի կառքին: Սպասվում էր, որ Դաշնակցության ղեկավարությունը, իր անհաջողություններից հետո, էմիգրացիայում հանգամանորեն կվերանայի սեփական գործունեության ակտիվն ու պասիվը: Այո, դա սպասվում էր, բայց տեղի չունեցավ, չնայած բոլոր ազգային, հասարակական կազմակերպությունները, որ ունեն պատասխանատվության զգացում, հետագա սխալներից եւ աղետներից խուսափելու համար վերլուծում են իրենց գործունեության անցած ուղին: Ցավոք սրտի, դաշնակցական ղեկավարությանը միշտ չի հերիքել պատասխանատվության զգացումը: Այդ պատճառով էլ նրա սխալները ընդունեցին ազգային աղետի չափեր: Դաշնակցական համագումարները զբաղվում էին չնչին հարցերով, բայց ոչ կուսակցության գործունեության բնույթի վերանայմամբ: Դաշնակցական մտավորական երիտասարդության որոշ ռեւիզիոնիստական փորձեր մնացին անարդյունք: Փորձեր արվեցին ճշտել պատասխանատվությունը 1915թ. Տարոնում (Մուշ), 1920թ. Նախիջեւանում եւ Շուշիում հայերի կոտորածների ու Ղարսի խայտառակության համար: Դեռ Հայաստանում դաշնակցական իշխանության ժամանակ փորձեր արվեցին հայտնաբերել ու պատժել ներքին գործերի նախարար Կարճիկյանին (որն այդ օրերին ջանում էր սանձազերծել մաուզերիստներին) սպանողներին, հատկապես` սպանության ոգեշնչողին: Հարցեր հարուցվեցին պարսկական հեղափոխական շարժման առաջնորդ Եփրեմ խանի եւ Տարոնի լեգենդար հերոս Գեւորգ Չաուշի սպանությունների վերաբերյալ: Սակայն, այդ փորձերը դաշնակցության ղեկավարության կողմից խեղդվեցին իրենց սաղմնային վիճակում: Դաշնակցական բյուրոն, իրենից բացի, ոչ մի դատական ատյան չի ճանաչում եւ դաժանորեն հետապնդում է բոլոր նրանց, ովքեր հայրենասիրական մտահոգություններից դրդված` պատասխանատվության մասին որեւէ հարց են հարուցում:
- Էմիգրացիայում Դաշնակցությունն իր աշխարհայացքի անորոշության, քաղաքական անիրազեկության եւ պատասխանատվության զգացումի բացակայության հետեւանքով դարձել ու շարունակում է մնալ քայքայիչ եւ խորտակիչ ուժ: Դաշնակցության առավել աններելի արարքների թվում հարկավոր է նշել քաղաքական սպանությունները, որոնք էլ ավելի պառակտեցին հայերին: Դաշնակցությունը, ինչպես նաեւ նրա քաղաքական հակառակորդները` հնչակներն ու ռամկավարները, անուղղակիորեն խթանում են հայերի, մասնավորապես, նրա երիտասարդ սերնդի ուծացումը: Իր մեջ պառակտված ժողովուրդն ավելի շատ ցուցաբերում է սեփական բնավորության բացասական գծերը, այդ պատճառով էլ դառնում ավելի վանող այն ժողովրդի աչքում, որի երկրում նա ժամանակավորապես ապաստանել է:
- Սեփական ինքնապաշտպանությունը դժվարացնող ժողովուրդն արժանի է արհամարհանքի, արժանի է իր ճակատագրին` ինչքան էլ որ այն ծանր լինի: Այս տեսանկյունից` Դաշնակցությունը, որպես հզոր գաղութային կազմակերպություն, ունի ամենամեծ մեղքը: Այն, ինչն արտասահմանում կոչում են հայկական քարոզչություն, ոչ այլ ինչ է, քան գթասրտություն աղերսող լալկան նվնվոց, որն արտասահմանցիների մոտ առաջացնում է լոկ խղճահարություն եւ շարունակ աճող արհամարհանք: Դաշնակցական ղեկավարությունն իսկական քարոզչության մասին հասկացողություն չունի: Նա ցուցադրում է իր այժմյան հոգեւոր ցնցոտիքը` անվանելով այն քարոզչություն: Նա չկարողացավ օգտագործել հայ ժողովրդի պոտենցիալ ուժը հեղափոխության շրջանում, քանզի չէր ճանաչում սեփական ժողովրդին, եւ այժմ ի վիճակի չէ տանել ազգային իրական արժեքների քարոզչությունը, որովհետեւ հիմնավոր չգիտի հայոց պատմությունը, այդ պատմության փիլիսոփայությունը: Եթե նույնիսկ, վերջին քառորդ դարում, որեւէ եվրոպական լեզվով լույս է տեսել այս կամ այն հայամետ գիրքը, ապա հեղինակը արտասահմանցի է եղել: Այսպես կոչված հայասեր քարոզչության համար Դաշնակցությունը ոչինչ չի արել: Ժամանակ չուներ: Նա զբաղված էր Անդրանիկին սեւացնելու անշնորհակալ գործով: Անդրանիկին վարկաբեկելու համար, Դաշնակցության պատվերով հրատարակվեց նրա դեմ ուղղված մոտ 1000 էջանոց երկհատոր աշխատություն: Ամբողջովին Անդրանիկին նվիրված Սեպուհի հուշերը հանդիսանում են այդ ազգային հերոսին իր փառքի բարձունքից տապալելու դատապարտելի փորձ: Հենց որ Անդրանիկը հեռացավ Դաշնակցությունից, միանգամից դարձվեց «հարբեցող», «անկիրթ», «վախկոտ», «այս կամ այն ճակատում իր մասնակցության համար նախօրոք սակարկող», «աննշան գործողությունների ճանապարհով մեծ դափնիներ քաղող» եւ այլն: Բոլոր ջանքերը ներդրվեցին Անդրանիկին «զարդարելու» քաջնազարյան (դոնքիշոտյան) որակումներով, չգիտակցելով, որ դրանով իրականում ծիծաղում են հայ ազատագրական շարժման վրա, քանզի ժողովուրդն Անդրանիկին համարում է հայ ազատագրական պայքարի խորհրդանիշ։
- 1921թ., Զանգեզուրից իմ հեռանալու հաջորդ օրը, Արաքսի պարսկական ափին ես թույլ տվեցի «անտակտություն»` պատժելով երկու դաշնակցական նախարարների` Հակոբ Տեր-Հակոբյանին ու Եփրեմ Սարգսյանին, միաժամանակ եւ Բյուրոյի փոխարինած Գերագույն մարմնի անդամներին: Այդ դեպքից մի քանի օր անց ես Ս. Վրացյանից ստացա նամակ, որում ասվում էր. «Դու թող քո այդ անդրանիկյան արարքները: Անդրանիկը պահում էր իրեն այնպես, ինչպես դու, իսկ այժմ անօգնական թափառում է Եվրոպայում: Կուսակցությունը որոշ հույսեր էր կապում քո անվան հետ: Լսիր քո հին ընկերներին, չլսես` քեզ համար վատ: Միայն գիտեմ, որ մարդիկ բարձրանում եմ մեծ դժվարությամբ, շատ տարիների ընթացքում, բայց ընկնում են մեկ վայրկյանում»: Այսպիսով, ինձ հետ արդեն անշնորհակալ էին վերաբերվում, սպառնում սեւացնել մեկ ակնթարթում, գահընկեց անել, որովհետեւ ես մտրակով ծեծել էի երկու վախկոտի: Այո, ես հաշվի չէի առել, որ դաշնակցական ղեկավարները օգտվում են մի տեսակ արտոնյալ դիրքից եւ ազատ են ամեն կարգի պատասխանատվությունից: Ինձ սպառնում էին Անդրանիկի ճակատագրով: Վերը նշված նամակի ստացման օրը ես խորապես ափսոսացի, որ մտրակելու փոխարեն չգնդակահարեցի Դաշնակցության Գերագույն մարմնի այդ երկու անդամներին: Նույն օրը ես զգացի ինձ հոգեպես հեռացած, կտրված Դաշնակցությունից:
- «Դաշնակցությունը` Դաշնակցության համար»: Հայաստանից դուրս` Բյուրոն հավատարիմ մնաց այս լոզունգին: Էմիգրացիայում նա չուներ որոշակի հետեւողական քաղաքական գիծ կամ, ավելի ճիշտ, այն հետեւողական էր միայն ինքնապահպանման գործում` գաղափարապես մնալով ռուս նարոդնիկների հին «ճանապարհներին»: Դաշնակցությունն իր քաղաքական գիծը չէր պայմանավորում հայ ժողովրդի բացառիկ դրությամբ: Իր հանցագործ անփութությամբ Դաշնակցությունն արհամարհեց մեր ժողովրդին սպառնացող թուրքական (Երկրի հայերի համար) եւ ուծացման (արտասահմանի հայերի համար) վտանգները: Նրա շատ անդամներ համոզված են, որ Հայաստանի ցուցադրական անկախացման գաղափարը կարող է դառնալ նրա գերեզմանափորը: Նրանք դա գիտեն, բայց մինչ այժմ ինքնանպատակ կուսակցականությունը եւ կուսակցական երես-պաշտությունը չեն թույլատրել դաշ-նակցական ղեկավարությանը խելամիտ հարաբերությունների մեջ մտնել սովետական իշխանության հետ: Ճշմարիտ չէ այն հայրենասերը, որ իր հայրենասիրությունը բոլոր դեպքերում կապում է հայրենիքում այս կամ այն վարչակարգի հետ: Անձամբ ես քարոզել եմ սովետների դեմ, բայց իմ անբարյացակամ վերաբերմունքը սովետական իշխանության հանդեպ պայմանավորված էր ոչ թե Հայաստանում գոյություն ունեցող վարչակարգով, այլ բացառապես այն բարեհաճությամբ, որ սովետները ցուցաբերում էին Թուրքիայի նկատմամբ:
- Դաշնակցությունը պաշտոնապես չմտավ «Պրոմեթեւս»-ի մեջ (դրան խոչընդոտեցին կուսակցության շարքային անդամները), բայց, վերջին պատերազմի նախօրեին, դաշնակցական բյուրոյի կողմից հայ-թուրքական հարաբերությունների վերանայման հարցի շուտափույթ քննարկումը հաստատեց, որ նրան տրված չէ սեփական սխալներից դասեր քաղելու կարողություն: Նա այժմ թուրքերի հետ մերձենալու փորձեր է անում` հաշվի չառնելով, որ ներկայիս պայմաններում թուրքերի հետ ընդհանուր լեզու գտնելու փորձերը նշանակում են բարոյապես տանուլ տալ հայկական հարցը: Սեփական թուլությամբ թելադրված այս քաղաքական ակտը արտասահմանի հայերի մոտ առաջացնում է խորը բարոյազրկում, իսկ քաղաքակիրթ մարդկության մոտ` նողկանք։
- Այժմ Դաշնակցությունը գտնվում է «ո՞ւմ հետ լինելու» երկընտրանքի առջեւ` թուրքերի՞, թե՞ ռուս մեծ ժողովրդի: Նա դավաճան կլիներ, եթե վճռականորեն չպատասխաներ. «Ռուսների հետ` Թուրքիայի դեմ»: Հենց այս քաղաքական կողմնորոշումն են պահանջում մեր ազգային եւ մարդկային արժանապատվությունն ու հայ ժողովրդի ֆիզիկական գոյության ապահովման շահը: Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակցական բյուրոն հանդես եկավ պառակտված ճակատով: Ինչո՞վ էր դա պայմանավորված` արկածախնդրությա՞մբ, թե՞ կանխամտածված երկերեսանի քաղաքականությամբ: Այս հարցում ես հակված եմ երկրորդ տարբերակին. դաշնակցական ղեկավարությանը հատուկ է թեթեւամտությունը: Այն հանգամանքը, որ Դրոն Բալկաններում, Փարիզում, Բեռլինում բազմիցս ժողովներ գումարեց եւ ստեղծեց քաղաքական կոմիտե, ապացուցում է, որ նրան չհաջողվեց ապահովել Բյուրոյի պաշտոնական հավանությունն իր արկածախնդրական նախաձեռնություններին: Մինչ Սարգիս Արարատյանի հետ ընդհարումը եւ դրանից հետո, Դրոն չդադարեց ջանալ ապահովել իր թիկունքն անհաջողության դեպքում: Նա կանգ չառավ նույնիսկ Հայաստանի ժողովրդին սադրելու փորձի դեմ: Արդյունքում` նա հասավ մինչեւ հայրենադավության:
- Ժողովրդի համար չկա ավելի մեծ չարիք, քան անհատապաշտություն դավանող ղեկավարը: Նա հեշտությամբ է դառնում կոլեկտիվ ջանքերի ու շահերի թշնամին: Այդպիսի ղեկավարն ավելի շուտ ընկնում է սեփական իրավունքների, քան պարտականությունների հետեւից: Նրա իդեալը մեկուսի անձնական երջանկությունն է: Այսօր այդպիսին են նրանք, որոնք կոչված են ղեկավարելու Քրիստափորի ու Ռոստոմի կուսակցությունը ա) Աշխարհայացքի անորոշություն, բ) քաղաքական անկարողություն գ) ոչ բավարար պատասխանատվության զգացում. ահա այն երեք չարիքները, որոնցից աղետալի կերպով տուժել է մեր ժողովուրդը եւ ինքը` Դաշնակցությունը: Դաշնակցությունն այժմ հանդիսանում է որպես մեռնող երեւույթ: Նրա գոյությունն այսուհետ անօգուտ է, անտրամաբանական, ոչ անհրաժեշտ: Նա գտնվում է հակասության մեջ ներկա ժամանակաշրջանի հետ: Նա պետք է հեռանա: Այս գիտակցումով էլ ես հեռացա Դաշնակցությունից։