Ռետրո

Չեմ կարող ասել՝ Հայաստանն ինչ կզիջի. դա մեր բանակցային պաշարն է

2006թ. դեկտեմբերի 21-ին 1998-2008թթ. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հարցազրույց էր տվել Հ2 հեռուստաընկերությանը և «Նոր հարևաններ» կայքին, որտեղ նաև անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ Radar Armenia-ն ներկայացնում է նախկին արտգործնախարարի պատասխանները, որտեղ որպես իշխանության ներկայացուցիչ և հիմնական բանակցող՝ Օսկանյանը հրաժարվում է մանրամասներ ներկայացնել և հատկապես ուղիղ տեքստով չբացատրել, թե ո՞ր զիջումներն են հայկական կողմի կարմիր գծերը և արդյո՞ք հայկական կողմը «հող» է զիջելու։

Հարց. - Ի՞նչ փուլում է այս պահին Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը: Արդյոք կա՞ լուրջ առաջընթաց այդ ուղղությամբ:

Վ.Օսկանյան. - Դժվար է ասել. նման իրավիճակներում մենք հաճախ ենք եղել, մեզ թվացել է, որ մոտենում ենք ինչ-որ մի լուծման, հետո պարզվում է` ամբողջ պրոցեսն է տապալվել: Իսկապես բարդությունները մանրամասների մեջ են: Այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք ընդունել սկզբունքների շուրջ փաստաթուղթ, չկա ամբողջական համաձայնություն, չենք սկսել բանակցությունները մանրամասների շուրջ` դժվար է իսկապես ասել, թե մենք մոտենում ենք հարցի կարգավորմանը: Ի վերջո բոլորի համար շատ հստակ է, որ առանց Ղարաբաղի համաձայնության եւ առնվազն մասնակցության, գոնե բանակցությունների վերջին փուլում, հարցը հնարավոր չէ կարգավորել:

Հարց. - Բայց Ղարաբաղը բանակցային կողմ չէ:

Վ.Օսկանյան. - Ղարաբաղը ուղղակիորեն բանակցային կողմ չէ, բայց անուղղակիորեն բանակցային կողմ է: Համանախագահները միշտ էլ հանդիպում են նրանց հետ: Մենք ամենաբարձր մակարդակով Ղարաբաղի հետ անընդհատ երկխոսության մեջ ենք, նրանք տեղյակ են պրոցեսից, բայց նրանք նաեւ հստակ գիտեն, որ մասնակցություն են ունենալու, երբ արդեն սկզբունքների շուրջ փաստաթուղթը առավել ընդունելի դառնա եւ սկսենք բանակցությունները մանրամասների շուրջ: Այնպես որ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը անհրաժեշտություն է, եւ իսկապես առանց նրանց հնարավոր չէ վերջին փուլ մտնել, ուր մնաց` հասցնել բանակցություններն ավարտին:

Հարց. - Հայր Ալիեւի ժամանակ մենք շեշտում էինք, որ կարծես թե հասնում ենք վերջին փուլին: Հիմա` որդի Ալիեւի ժամանակ էլ ասում ենք բանակցությունների վերջին փուլն է: Ե՞րբ է գալու վերջնական փուլը:

Վ.Օսկանյան. - Բայց դա մենք չենք ասել: Ադրբեջանական կողմն է ասել, կարծում եմ` մի քիչ չափազանցված է: Երանի իսկապես այդպես լինի, բայց մեզ համար դժվար է ասել, թե արդյո՞ք վերջին մասում ենք, որովհետեւ մեր առաջ բազմաթիվ չլուծված մանրամասներ կան, դրանց մասին պետք է խոսել: Նաեւ այն գնահատականը, որ արդեն համաձայնեցվել են սկզբունքները, նույնպես չափազանցված է: Այստեղ ես ուզում եմ մի հստակություն մտցնել, որովհետեւ Ալիեւի հարցազրույցի կամ հայտարարության երկու վարկած եմ ես տեսել. մեկը` որ արդեն չհամաձայնեցված հարցերը համաձայնեցվել են, իսկ մյուսը` որ չհամաձայնեցված հարցերի շուրջ տեսակետներն ավելի մոտեցել են:

Ռեալն իհարկե երկրորդն է, իսկ առաջինի վերաբերյալ միանշանակ կարող եմ ասել, որ համաձայնություն ամբողջական չկա: Բայց նախագահները երկուստեք դրական գնահատեցին վերջին հանդիպումը: Կարելի է իսկապես եզրակացնել, որ այդ առումով ինչ-որ դրական տեղաշարժեր եղել են: Որովհետեւ, նորից եմ ասում, որ այնքան ժամանակ, քանի դեռ նախագահները մանրամասները չեն քննարկել, դժվար է ասել, իսկապես, թե տեսակետները արդյոք մոտեցել են: Այնպես որ պրոցեսը դեռ առջեւում է:

Մինսկի այդ հանդիպումը մենք իրոք դրական ենք գնահատում, որովհետեւ մթնոլորտը դրական է եղել, մոտեցումները կառուցողական են եղել: Օրինակ, ես կարող եմ մի փոքր զուգահեռ անցկացնել Ռամբույեի եւ նույնիսկ Բուխարեստի հետ, որից հետո նույն համանախագահները իրենք ասացին, որ կարծես թե կիսափակուղի է մտել, իսկ Մինսկի հանդիպման առավելությունն այն է, որ պրոցեսը փակուղի չի մտել, այլ հակառակը` որոշ հեռանկար է բացվել բանակցությունները արտաքին գործերի նախարարների մակարդակով շարունակելու համար:

Հարց. - Ի՞նչն է նպաստել կամ ովքե՞ր են նպաստել դրան:

Վ.Օսկանյան. - Այսօր սեղանի վրա բավականին հետաքրքրական մտքեր կան: Սկզբունքների շուրջ արդեն երկար ժամանակ է, որ արտաքին գործերի նախարարները եւ նախագահները բանակցում են: Այնպես որ մտքերը, որ մենք միշտ ասել ենք, սկզբունքները, որ այսօր սեղանի վրա են դրվել, հավասարակշռված են, արտահայտում են այսօրվա իրականությունը: Ցանկացած պահի, իսկապես քաղաքական կամքի դրսեւորման դեպքում կարելի է իրոք դրական տեղաշարժ արձանագրել: Այնպես որ, Մինսկի այդ հանդիպումը իսկապես այդ կոնտեքստում պետք է դիտարկել: Ես նաեւ ուզում եմ անպայման անդրադառնալ Ալիեւի հայտարարության մի հակասության, երբ նա ասել է, որ դրական է գնահատում եւ տեսակետների մերձեցում կա, բայց մյուս կողմից էլ շեշտել է, թե իրենց մոտեցումները չեն փոխվել եւ այս բոլորը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում է քննարկվում կամ դիտարկվում:

Հարց. - Եվ փախստականների վերադա՞րձը:

Վ.Օսկանյան. - Այո, դա ինձ իսկապես զարմացնում է, որովհետեւ իրոք դա այդպես չէ, քանի որ բանակցությունների հիմքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հանրաքվեի հնարավորությունն է: Սրանք այսօր իրոք քննարկվում են: Պարոն Ալիեւը ճիշտ կարող է լինել իր գնահատականի մեջ միայն այն դեպքում, երբ ինքը համոզված կլինի, որ հանրաքվեի դեպքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը քվեարկելու է հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության: Միայն այդ հավանականության դեպքում նրա ասածը մոտ կարող է լինել իրականությանը, բայց դա մաքուր սպեկուլյացիա կլինի:

Այն հայտարարությունը, որ այսօր բանակցություններն ընթանում են եւ դիտարկվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում, իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ, ինչպես նշեցի, այսօր բանակցությունների առանցքը, հիմքը, որ հնարավորություն է տվել այս տարվա ընթացքում ինչ-որ տեղաշարժ արձանագրել, հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հաստատումն է այդ փաստաթղթի մեջ:

Հարց. - Մեր սկզբունքները կարծես թե չեն փոխվել: Որ առանց փոխզիջման Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծվելու` հասկանալի է բոլորին: Ցավոտ են լինելու նաեւ այդ փոխզիջումները: Անտանգության ի՞նչ երաշխիքներ եք դուք պատկերացնում այս պահին փոխզիջումային լուծման ընթացքում:

Վ.Օսկանյան. - Փոխզիջումը սկզբունք չէ, փոխզիջումը հարցի կարգավորմանը հասնելու միջոց է: Մեր հիմնական առանցքային սկզբունքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Սա է մեզ համար հիմնական սկզբունքը, որի շուրջ ամեն ինչ կառուցվում է, մնացածը սրանից է կախված, դրա համար էլ ես նույնիսկ չէի ուզենա քննարկել հարակից խնդիրները` եւ անվտանգության, եւ փախստականների, եւ տարածքների, այնքան ժամանակ, քանի դեռ այս սկզբունքը միանշանակորեն արդեն չի ընդունվել ադրբեջանական կողմից: Այնպես որ մոտեցումը մնում է նույնը: Իսկապես դա առանցքային սկզբունք է եւ մնացածը, ինչպես ասացի, կառուցվում է դրա շուրջ:

Հարց. - Տասներկու տարի է խոսում ենք փոխզիջումների մասին, որոնց էությունը հանրության համար պարզ չէ: Մինչեւ ե՞ րբ մենք պետք է խոսել փոխզիջումների մասին գաղտնիության պայմաններում:

Վ.Օսկանյան. - Այնքան ժամանակ, քանի դեռ փաստաթուղթը վերջնական տեսք չի ստացել: Քանի դեռ կողմերի համաձայնությունը չի եղել, դա ամբողջությամբ բացել ուղղակի իմաստ չունի, հատկապես` ելնելով մեր նախորդ փորձից. եղել են բազմաթիվ փաստաթղթեր, բայց երբեք կյանքի չեն կոչվել: Դրանք բացելը, երբ պրոցեսը շարունակվում է եւ բանակցություններ են ընթանում փաստաթղթի շուրջ, ուղղակի իմաստ չունի: Ամբողջ գործադիր իշխանության իմաստն այն է, որ իշխանությունները պատասխանատվություն են վերցնում իրենց հայեցողությամբ, մտնում են բանակցությունների մեջ, գնում են որոշ զիջումների, ենթադրելով, որ ժողովրդի համար ընդունելի է` որպես սկզբունք ընդունելով երկրի ազգային շահերը: Բանակցությունները որոշ մակարդակի հասցնելուց հետո, երբ արդեն արդյունքներն անշրջելի են դառնում եւ հասնում են մի այնպիսի վիճակի, երբ գիտես, որ սա ընդունելի է կողմերի համար, միայն դրանից հետո իմաստ ունի բացել ու լսել եւ Ազգային Ժողովի, եւ հանրության կարծիքը: Իշխանությունների կարծիքը կարեւոր է, բայց բավարար չէ:

Հարց. - Հանուն Ղարաբաղի ինքնորոշման, անկախության վերջնական հաստատման ի վերջո Հայաստանը ի՞նչ կզիջի: Ի՞նչ կզիջենք մենք:

Վ.Օսկանյան. - Ես չեմ կարող նման մանրամասների մեջ մտնել, դա մեր բանակցային պաշարն է: Ես կարող եմ միայն ասել, որ մեզ համար այդ սահմանագիծը շատ հստակ է` կան ազգային շահեր, կան անվտանգության խնդիրներ: Այդ բոլորը մենք լավ պատկերացնում ենք: Այն ընթացքով, որ ընթանում են բանակցությունները, ազգային շահերը չեն տուժի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը չի տուժի, եթե այնպես լինի, որ մենք կարողանանք հատկապես հասցնել իր ավարտին:

Հարց. - Տեղեկություններ տարածվեցին, որ քննարկվում է միջազգային խաղաղարար ուժերի տեղակայման գաղափարը:

Վ. Օսկանյան. - Այսօր քննարկում չկա խաղաղապահ ուժերի մասին: Գաղափարը կա: Պարզ է, որ եթե մենք վերջիվերջո իրականացնելու ենք ինչ-որ խաղաղության պայմանագիր, դրանց կարիքը լինելու է: Բայց այս պահին բանակցություններում դա կարեւոր տեղ չունի եւ դրա մասին որեւէ լուրջ քննարկում չի գնում:

Հարց. - Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի ստորագրումից հետո թե Հայաստանի, եւ թե Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարեցին, որ այդ փաստաթղթի ստորագրմամբ տարածաշրջանային երկրները առավել են մոտենում եվրոպական արժեքներին: Ի՞նչ նկատի ունեք` խոսելով արժեքների մասին: Արժեքներ ասվածը ու՞ր են տանում Ադրբեջանին եւ մեզ: Կա՞ որեւէ հույս, որ պատմական այդ իրադարձությունն առավել կմոտեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

Վ.Օսկանյան. - Ես մեր հարեւանի անունից չեմ ուզում խոսել: Երբ այդ փաստաթուղթը ստորագրեցինք, մենք միանշանակ իսկապես դա ընդունեցինք որպես մի կարեւոր իրադարձություն եւ համարեցինք նոր փուլ ԵՄ հետ մեր հարաբերություններում: Սա բավական ծավալուն, խորքային եւ բազմակողմանի փաստաթուղթ է: Այն վերաբերում է եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին, եւ արժեքների ընդունմանը, դրանց ամրապնդմանը եւ նաեւ Հայաստան-Եվրամիություն առեւտրի ռեժիմների հաստատմանը: Այնպես որ դա ընդգրկուն փաստաթուղթ է եւ վերաբերում է տարածաշրջանային համագործակցությանը, կոնֆլիկտների կանխարգելմանը եւ նրանց խաղաղ ճանապարհով լուծմանը:

Իրոք, այն մեզ համար նոր դռներ է բացում, նոր հնարավորություններ է տալիս` առավել արագ ինտեգրվելու եվրոպական կառույցներին եւ հատկապես Եվրամիությանը: Եվ սա մեզ համար պատմական առիթ է, որ մենք հինգ տարիների ընթացքում, որը ժամկետն է այս փաստաթղթի ամբողջական իրականացման, կարողանանք հետեւողականորեն եւ մեծ թափով իրականացնել այս փաստաթղթի ոգին եւ տառը, որպեսզի կարողանանք Հայաստանը նոր որակի բարձրացնել, դնել նոր հարթակի վրա` քաղաքական, տնտեսական եւ սոցիալական առումներով:

Աղբյուր