Ֆոտոշարք

Գողացված պատմական զարդերը. ինչ է հայտնի Լուվրի կորած գանձերի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գողացված պատմական զարդերը. ինչ է հայտնի Լուվրի կորած գանձերի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կիրակի օրը Փարիզի Լուվրի թանգարանից գողացվել են մեծ արժեք ունեցող թանկարժեք իրեր։ Գողերը՝ 4 հոգի, մուտք են գործել թանգարանի վերնահարկում գտնվող Ապոլոնի սրահ, որտեղ պահվում են Ֆրանսիայի թագավորական գոհարները։ Նրանք կոտրել են անվտանգության ցուցափեղկերը և գողացել 9 արժեքավոր առարկա։

Radar Armenia-ն ներկայացնում է՝ ինչ է գողացվել, և ում են դրանք պատկանել։

Ի՞նչ է գողացվել

Շափյուղայի գլխազարդ, վզնոց և ականջօղ, որ կրել են թագուհիները

7 րոպե տևած կողոպուտի ընթացքում հափշտակված արժեքավոր առարկաներից մեկը շքեղ զարդերի հավաքածու է, որը կրել են Հոլանդիայի թագուհի Ժոզեֆին դը Բոհարնեն, Ֆրանսիայի թագուհի Մարի-Ամելին և Գիզի դքսուհի Իզաբել Օռլեանը։

Հափշտակված զարդերի հավաքածուն ներառում է շափյուղյա գլխազարդ (դիադեմ), оղեր և ականջօղ։ Գլխազարդը պատված է 24 շափյուղայով և 1083 ադամանդով։ Այդ ադամանդներից մի քանիսը հնարավոր է առանձնացնել և օգտագործել որպես կախազարդ կամ կրծքազարդ։

Թանգարանը նշում է, որ զարդերի ճշգրիտ ծագումը հայտնի չէ, բայց կան վարկածներ, թե դրանք կարող էին պատկանել Մարիա Անտուանետ թագուհուն։ 

Զարդերը երկար տարիներ՝ մինչև 1985 թվականը, եղել են Օռլեանի արքայական ընտանիքի սեփականությունը, երբ փոխանցվել են Լուվր թանգարանին։

Զմրուխտե оղեր և ականջօղեր, որոնք Նապոլեոնը նվիրել էր Մարիա Լուիզային

Նապոլեոնը 1810 թվականին իր երկրորդ կնոջը՝ Ավստրիայի արքայադուստր Մարիա Լուիզային, հարսանեկան նվեր է մատուցել՝ զմրուխտե շքեղ զարդերի հավաքածու։ Հավաքածուն բաղկացած է վարպետորեն մշակված 32 զմրուխտից և 1138 ադամանդից։

Կայսրության անկումից հետո Մարիա Լուիզան հավաքածուն փոխանցել է իր ազգականին, և այն անցել է սերնդե-սերունդ։ 1953-ին այն վաճառվել է Van Cleef & Arpels ոսկերչական տանը, որտեղ գլխազարդի զմրուխտները փոխարինվել են փիրուզե քարերով։ Փոխված գլխազարդը այժմ գտնվում է Սմիթսոնյան ինստիտուտում։ Իսկ оղերն ու ականջօղերը պահպանվել են իրենց սկզբնական տեսքով և 2004 թվականին վաճառվել են Լուվր թանգարանին՝ մոտավորապես 4.3 միլիոն դոլարով։

Կենաց սրբության մանյակ-կրծքազարդը՝ կայսրուհի Եվգենյայի զարդերից

Կայսր Նապոլեոն III-ի կինը՝ Եվգենյան, եղել է այս շքեղ ադամանդապատ կրծքազարդի առաջին տիրուհին։ Այն պատրաստվել է 1855 թվականին՝ հատուկ Եվգենյայի համար։ Իսպանացի կոմսուհի Եվգենյան Ֆրանսիայի կայսրուհի է եղել 1853-1870 թթ. և ժամանակի ամենաոճային կանանցից մեկն է համարվել։

Սա սրբության մասունք պարունակող մանյակ-կրծքազարդ է (reliquary brooch), ինչը խորհրդանշում է Եվգենյայի կաթոլիկ հավատը։ Այն զարդարված է 94 ադամանդով, այդ թվում՝ 17-րդ և 18-րդ թվագրվող Մազարենի ադամանդներով, որոնք Կարդինալ Մազարենը 1661 թվականին նվիրել է Լյուդովիկոս 14-րդին։

Այս երկու մեծ ադամանդները զարդի կենտրոնում տեղադրված են հայելու պես։ Կրծքազարդի հետևի մասում փորագրված են բույսերի և տերևների նուրբ նախշեր։ Լուվր թանգարանը զարդը ձեռք է բերել 1887թ.։

Կայսրուհի Եվգենյայի ադամանդե կախազարդն ու մարգարտե գլխազարդը

Կայսրուհի Եվգենյայի հայտնի ադամանդապատ «աղեղնաձև կախազարդը» սկզբում եղել է 4000 ադամանդով զարդարված գոտու ամրակ։ Այն ցուցադրվել է 1855 թվականի համաշխարհային ցուցահանդեսում, իսկ հետագայում կրել է Եվգենյան։ 

Եվգենյան այս շքեղ գոտին կրել է 1855 թվականի օգոստոսին, ավելի ուշ նա որոշել է գոտին վերափոխել՝ դարձնելով ավելի բարդ կառուցվածքով կախազարդ ու ավելացնելով կախված ադամանդե շղթաներ։

1887 թվականին կայսրուհի Եվգենյայի ադամանդե կախազարդը աճուրդում վաճառվել է 42,2 հզ. ֆրանկով։ 2008 թվականին Լուվրը գնել է այն՝ վերադարձնելով Ֆրանսիա։ Ըստ Նապոլեոն հիմնադրամի՝ թանգարանը դրա համար վճարել էր ավելի քան 10 միլիոն դոլար։

Կախազարդից բացի, կայսրուհի Եվգենյան ունեցել է նաև մարգարտե շքեղ գլխազարդ, որը պատրաստվել է 1853 թվականին։ Գլխազարդը զարդարված էր 212 մարգարտով և 1998 ադամանդով։

Գողացված, բայց հայտնաբերված. կայսրուհի Եվգենյայի թագը

Ֆրանսիայի մշակույթի նախարարության տվյալներով՝ գողերը փորձել են հափշտակել կայսրուհի Եվգենյայի շքեղ ոսկե թագը, սակայն այն հայտնաբերվել է գողությունից կարճ ժամանակ անց՝ թանգարանից դուրս։

Թագը զարդարված է 1354 ադամանդով և 56 զմրուխտով։ Ֆրանսիական TF1 հեռուստաալիքի և Le Parisien թերթի հաղորդմամբ՝ այն վնասվել է գողության ժամանակ։

Պատրաստեց՝ Ալվարդ Բաղդասարյանը

Գնահատեք հոդվածը

5.0 /5
7
գնահատական