Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աշխատակազմը հայտարարել է նոր կառավարության կազմը, նրանց թվում հայազգի 3 նախարար կա։ 3 նախարարներն էլ Մակրոնի En Marche! կուսակցության անդամներ են։
- Աստրիդ Փանոսյան-Բուվե - աշխատանքի և զբաղվածության նախարար
53-ամյա Աստրիդ Փանոսյան-Բուվեն գործունեություն է ծավալել մասնավոր հատվածում։ Նա Մակրոնի ղեկավարած En Marche! քաղաքական շարժման 5 համահիմնադիրներից մեկն է։ Նորանշանակ նախարարը քաղաքաշինության և սոցիալական քաղաքականության մեծ փորձ ունի։ Հայտնի է նաև Ֆրանսիայի հայ համայնքի հետ նրա կապի մասին։
- Գիյոմ Կասպարյան - քաղաքացիական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար
36-ամյա Գիյոմ Կասպարյանը նախորդ կառավարության կազմում զբաղեցնում էր բնակարանաշինության նախարարի պաշտոնը։ 2020թ. Արցախի ճանաչումը ենթադրող խորհրդարանական բանաձևի համահեղինակն է եղել։ Նպաստել է Ֆրանսիայի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը։ Կասպարյանը հայ համայնքի հետ ակտիվ կապի մեջ է։
- Անտուան Արման - էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարար
33-ամյա Անտուան Արմանն ամենաերիտասարդներից մեկն է, որը զբաղեցնում է ֆինանսների նախարարի առանցքային պաշտոնը: Նախկինում զբաղեցրել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Նա ֆրանսիական «Դիմադրության» նշանավոր մասնակից, գյուտարար, ֆրանսիական ակադեմիայի անդամ, SNCF-ի (Ֆրանսիայի ազգային պետական երկաթուղային ընկերություն) նախագահ, Եվրոատոմի առաջին նախագահ Լուի Արմանի ծոռն է։ 2015թ. Սորբոնում պաշտպանել է «Գերմանիայի պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար» թեմայով ատենախոսություն։