Նիկոլ Քիդմանը ծնվել է 1967 թվականի հունիսի 20-ին՝ Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքում: Նրա ծնողները Ավստրալիայից են, որտեղ Նիկոլն անցկացրել է կյանքի առաջին տարիները և սկսել դերասանական կարիերան։
Վաղ մանկությունից ապագա դերասանուհին սիրում էր պարեր և բալետ, բայց բարձր հասակ ունենալու պատճառով նրան ծաղրում էին դպրոցում և թույլ չէին տալիս խաղալ ներկայացումներում։
«Ծնողներս ինձ ասացին, որ չեմ կարող դերասանուհի դառնալ, քանի որ բեմի իմ բոլոր գործընկերները ինձնից ցածրահասակ են լինելու»,- խոստովանել է Քիդմանը, ում հասակը 15 տարեկանում արդեն 180 սմ էր։
Քիդմանի ստեղծագործական կյանքի գագաթնակետերից մեկը Սթենլի Կուբրիկի «Լայն փակված աչքերով» ֆիլմում իր դերն էր, իսկ ամենահայտնի գործերից էր կուրտիզանուհի Սատինի դերը՝ «Մուլեն Ռուժ» մյուզիքլում, որից հետո դերասանուհին առաջադրվեց «Օսկար»-ի և առաջին անգամ դարձավ «Chanel No. 5» օծանելիքի ապրանքանիշի դեմքը:
Քիդմանը իր առաջին Օսկարը շահեց «Ժամերը» ֆիլմում Վիրջինիա Վուլֆի դերի համար: Դերասանուհին հայտնի է նաև «Դոգվիլ», «Սառը լեռ», «Ծնունդ», «Ճագարի փոս», «Ձևացրու, թե ես եմ կինը», «Ի՞նչ է թաքնված», «Արատավոր խաղեր», «Հատուցում», «Առյուծ», «Ակվամեն» և այլ ֆիլմերից։ Ընդհանուր առմամբ՝ կինոաստղը ներգրավվել է հարյուրից ավելի նախագծերում։
2004 թվականին Նիկոլը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է «աշխարհի քաղաքացի»՝ իր ակտիվ բարեգործական գործունեության, կաթնագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և երեխաներին օգնելու համար։