Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է։
Նա անդրադարձել է եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, խոսել երկրում ստեղծված իրավիճակի, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, պետությունը պահելու ձևի, կրթության մասին և հասարակության անտարբերությունից։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ այսօր եկեղեցի-իշխանություն փոխհարաբերություններն ավելի վատ են, քան սովետական Հայաստանում. «Հայկական պետությունը նաև Հայ եկեղեցու պետությունն է։ Հայաստանում եկեղեցին հյուր չէ, տանտեր է և ավելի տանտեր, քան ցանկացած իշխանություն։ Մեծագույն հիմարություն է եկեղեցուն ասել՝ հեռու մնա պետության կառավարումից։ Հայ եկեղեցին երբեք այլ պետության շահ չի սպասարկել։ Հանցագործություն է այս եկեղեցուն հեռու պահել պետական կառավարումից։ Եկեղեցուն ասել՝ մի՛ զբաղվի պետական կառավարմամբ, գնա՝ քո տերտերությամբ զբաղվի, հանցագործություն է»։
Նրա դիտարկմամբ՝ Պուտինը խելագար չէ, իր երկրի հայրենասերն է. «Ռուսն ի՞նչ կապ ունի․ մենք ենք փակել արցախցիների վերադարձի էջը։ Ինչու՞ ենք մեր խնդիրները ռուսներին վերագրում։
Ռուսաստանը եթե իշխանությանը հավան չի, թող իշխանությանը պատժի, ոչ թե ժողովրդին։
200 տարի չկարողացանք Ռուսաստանից այնպիսի դաշնակից կերտել, ինչպես Իսրայելն՝ ԱՄՆ-ից։
Եթե Արցախով ՀԱՊԿ մտնեինք, այս բանը չէր իրականանա։
Ո՛չ «անկախություն» գոռալն էր ճիշտ, ո՛չ էլ «ռազմական լուծում չունի»-ն էր ճիշտ։
Ռուսաստանը սիրում է կայացած փաստի առաջ կանգնել. երբ խնդրում ես, ասում է՝ չէ։
Իշխանափոխության հնարավորությունները փակված են։ Մենք բարեկեցի՞կ Հայաստան ենք ուզում, թե՞ մեր բարեկեցությունը՝ ցանկացած Հայաստանի մեջ»։
Մանրամասները՝ տեսանյութում