Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն է։
Նա անդրադարձել է ապրիլի 5-ին տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպմանը, ամփոփել այն, խոսել ադրբեջանական կողմի սադրանքների, սահմանազատման գործընթացի, այս համատեքստում Սերժ Սարգսյանի հայտարարությունների և իշխանության մոտեցումների մասին։
Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ հայկական կողմն ավելի շատ ակնկալիք ուներ բրյուսելյան հանդիպումից, իսկ սահմանային լարվածությունն, ըստ նրա, կապված է ՌԴ-ի հետ. «Ռուսաստանի խնդրանքով Ադրբեջանը սահմանին ապահովում է այս անկանոն կրակը»։
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանին սահմանազատման հարցում պետք է մաքսիմալ անորոշություն. «Մաքուր ադրբեջանական գիծ է, երբ Սերժ Սարգսյանն ասում է՝ տարբեր քարտեզներով տարբեր է։ Այդ քարտեզի հիման վրա է Սերժ Սարգսյանի օրոք ՄԱԿ ուղարկվել մեր քարտեզը։ Եթե Սերժ Սարգսյանը չգիտի, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ավելի վատ իր համար և ամոթ մեզ, որ այդ աստիճանի տարրական բաները չիմացողը Հայաստանի ղեկավար է եղել 10 տարի։ Իսկ իշխանությունը փորձում է այդ տարածքում պայմանավորվել Ադրբեջանի հետ, որ լինի այնպես, ինչպես Շուռնուխում։ Իշխանությունն ուզում է ոչ թե պարզապես այդ 4 գյուղը տալ, այլ 4 գյուղի դիմաց գոնե այդ հատվածում ունենալ սահմանազատված հատված»։
Իոաննիսյանը հիշեցնում է, որ Տիգրանաշենը՝ որպես անկլավ, ՄԱԿ ուղարկված քարտեզում նշվել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման սկզբում. «Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը պետք է ինչ-որ հարցերի պատասխանեն։ Ամենավտանգավոր բանն էր, որ Սերժ Սարգսյանի օրոք արվեց. անգամ Քոչարյանի օրոք դա չէր արվում»։
Մանրամասները՝ տեսանյութում