Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը թուրքագետ Նելլի Մինասյանն է։
Նա անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, խոսել հայ-թուրքական, Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-ԱՄՆ-ԵՄ հարաբերություններից, ինչպես նաև մայիսի 9-ին սպասվող Էրդողան-Բայդեն հանդիպման մասին։
Նելլի Մինասյանի խոսքով՝ Էրդողանը ՏԻՄ ընտրություններում առաջին խոշոր պարտությունը կրեց։ Ըստ նրա՝ Թուրքիայի համար ձեռնտու է հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը, իսկ ապրիլի 5-ին սպասվող Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպման առնչությամբ նկատեց՝ Թուրքիան կխոսի, եթե Հայաստան-Արևմուտք հարաբերությունները լուրջ հունով գնան՝ հիմա այդ դերը տրվել է Ադրբեջանին. «Էրդողանի Թուրքիան լրջագույն խնդիրներ ունի Արևմուտքի հետ։ Էրդողանն ու Բայդենն ունեն լրջագույն տարաձայնություններ։ Էրդողանը փորձում է րոպե առաջ կարգավորել հարաբերությունները Արևմուտքի հետ։ Նա նոր զիջումների կգնա դեպի Արևմուտք, որը կապված կլինի Ռուսաստանի հետ»։
Խոսելով Հայաստանի ԵՄ անդամության թեկնածու դառնալու խոսակցությունների մասին՝ թուրքագետն ասաց, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի պարագայում շատ հեռու է ԵՄ լիիրավ անդամությունը, ավելին՝ Թուրքիայի համար ԵՄ դռները փակ են։
Մինասյանը նաև անդրադարձավ Էրդողանի այն հայտարարությանը, թե Թուրքիան Գազայում քննությունը կհանձնի նույնքան հաջող, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում. «Էրդողանի այդ հայտարարությունը պոպուլիստական է. Գազան Ղարաբաղ չէ»,-ասաց նա։
Նրա դիտարկմամբ՝ ռուս-թուրքական հարաբերությունները բավականին լուրջ ճաքեր են տվել, իսկ առաջիկայում պետք է սպասել ռուս-թուրքական հարաբերությունների ավելի սրմանը։
Մանրամասները՝ տեսանյութում