Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նա անդրադարձել է Հայաստանի սահմաններին նոր էսկալացիայի հավանականությանը, խոսել Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստան-Արևմուտք մրցապայքարի, պաղեստինա-իսրայելական բախումների և Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին։
Նրա խոսքով՝ Ղարաբաղում տեղի ունեցածը խոշոր ուժային կենտրոնների փոխհամաձայնությամբ էր։
Անդրադարձ եղավ նաև հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։ Բադալյանը չի կարծում, թե Ալիևի՝ Բրյուսել գնալու դեպքում առանձնապես այլ իրավիճակ կլիներ։ Նա նշեց, որ խնդիրն ամենևին Հայաստանի կամ Ադրբեջանի ղեկավարների՝ գնալ–չգնալու մեջ չէ. «Խնդիրը Արևմուտքի և Ռուսաստանի՝ Կովկասում գործընթացների վրա ազդեցություն ունենալու դիմակայությունն է։ Ալիևը փորձում է խաղալ և բոլոր կողմերից առավելագույնը պոկել»։
Խոսելով Գրանադայի հանդիպմանն Ալիևի չմասնակցելու մասին՝ Բադալյանը նկատեց․ Ֆրանսիան ինքն էր Ալիևին այդ փաստարկի առիթը տվել։ Մեկնաբանի խոսքով՝ մեծ հարց է՝ Գրանադայու՞մ էր Ֆրանսիայի համար կարևոր հարց լուծվում, թե՞ Տոտալի հետ Ալիևի հանդիպմանը։
Դիտարկմանը՝ ստացվում է՝ Ալիևը և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից փորձում է օգուտներ քաղել, Բադալյանն արձագանքեց. «Ռուսաստանից ստացած օգուտն այն էր, որ Ալիևը այցելեց Ստեփանակերտ։ Ալիևի այցը Ստեփանակերտ Բիշքեկի քննարկումների արդյունք էր։ Ռուսաստանն ինչ–որ բան ստացել է՝ համաձայնելով, որ Ալիևը Ստեփանակերտում հաղթական դրսևորումներ ունենա։ Ադրբեջանը ձգտում չունի գնալ խաղաղ համաձայնության, քանի դեռ տեսնում է միջավայր, որտեղ ուժի կիրառումը ունի լայն լեգիտիմություն»։
Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ Հայաստանի առաջ ոչ թե վեկտոր փոխել-չփոխելու խնդիր է, այլ գործընկերների շրջանակը մեծացնելու։ Բադալյանը շեշտեց՝ Հայաստանը պետք է դիվանագիտական մոբիլիզացիա իրականացնի։
Մանրամասները՝ տեսանյութում