Radar Զրույց

«Միջազգային հանրությունն ասում է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է». Արուսյակ Ջուլհակյան  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին, մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հավանականությանը, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ մեկտեղ Ստեփանակերտին Բաքվի հետ ուղիղ բանակցություններ վարելու հորդորներին, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին ու «Հայաքվե» նախաձեռնության կազմակերպած ստորագրահավաքին։

Պատգամավորի խոսքով՝ բարդ է խաղաղություն բանակցել, երբ մյուս կողմը դրան չի ձգտում։ Անդրադառնալով Ադրբեջանի այն պահանջներին, թե Հայաստանը պետք է գործնական քայլերով ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլ ոչ՝ հայտարարություններով, Ջուլհակյանն ասաց, որ ժամանակն է, որ Ադրբեջանը գործողություններով ցույց տա, որ ճանաչում է Հայաստանի 29,8 հազար կմ²-ը։

Խոսելով Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի առաջարկի մասին, թե 2-3 ամսում կարող է դիվանագիտական ճակատում լուծել հարցերը, Ջուլհակյանն ասաց. «Հույս ունեմ՝ Վարդան Օսկանյանը տարիքի բերումով է նման հայտարարություններ անում, ոչ թե փորձում է խաբել հանրությանը»։

Նրա խոսքով՝ երբ ԼՂ-ն դուրս է եկել բանակցությունների սեղանից, ինքնորոշման իրավունքի հարցը փակվել է։ Ըստ պատգամավորի՝ Հայաստանը երբեք չի ասել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Բոլոր նախագահներն ասել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Միջազգային հանրությունն ասում է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է»,- ասում է պատգամավորը և հավելում, որ այդ մասին ասել են նախորդ երեսուն տարում, ասում են նաև այսօր։

Մանրամասները՝ տեսանյութում