Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է պատմաբան Համո Սուքիասյանը։ Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, խոսել անկլավների առաջացման պատճառների, հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև խնդիրների առաջացման պատճառների, ինչպես նաև 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի մասին։
«Անկլավներն առաջացել են 1930-ականներին։ Գոնե ինձ հայտնի փաստաթղթերից կարող եմ ենթադրել, որ 1930-ականների սկզբներին՝ 1931-1932թթ․, արդեն առկա էին Վերին Ոսկեպարի, Սոֆլու Բարխուդարի և Բաշքենդ-Արծվաշենի անկլավները։ Քյարքիի դեպքում մի փոքր ավելի ուշ է լինում։ Կարող ենք փաստել, որ 1933թ․ այդ տարածքն արդեն անցել էր Նախիջևանին, բայց անկլավային կարգավիճակ արդեն 1930-ականների վերջերին է երևում՝ գոնե քարտեզներում։ Ինչ վերաբերում է փաստաթղթերին, Քյարքին նրանով է եզակի, որ փաստաթուղթ, որպես այդպիսին, չկա։ Ու ամենակարևորը՝ հայ-ադրբեջանական սահմանային վեճերի ընթացքում՝ 1920-1930-ականներին, երբևէ Քյարքիի հարց չի բարձրացվել, որովհետև այս գյուղը սահմանից բավականին հեռու է գտնվում։ Քյարքին, 1910-ականներից սկսած, անբնակ է դարձել, և առաջին բնակչությունը, գոնե ինձ հանդիպող փաստաթղթերում, տեսնում ենք 1926թ․ դեկտեմբերի 16-17-ի մարդահամարի ժամանակ։ Ինձ համար տարօրինակ է, որ Քյարքին անկլավային կարգավիճակ ունի։ Դրա պատճառն ուղղակի անհասկանալի է»։
Մանրամասները՝ տեսանյութում