Radar Զրույց

«Հայկական կողմերի խնդիրն է՝ առաջարկել ներկայացուցիչներ, որոնք ընդունելի կլինեն Բաքվի կողմից». Բորիս Նավասարդյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նա անդրադարձել է քիշնևյան բանակցություններին, խոսել Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության, խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաև Ռուսաստան-Արևմուտք հարթակների արդյունավետության մասին։

- Հաշվի առնելով Ալիևի վերջին հայտարարությունները՝ որքանո՞վ է իրատեսական, որ Բաքուն ու Ստեփանակերտն, ի վերջո, բանակցությունների գնան։ Եթե օրակարգում նման հարց կա, ինչու՞ միջազգային հանրությունը կողմերին չի նստեցնում բանակցային սեղանի շուրջ։

- Ինչպես նշեցի, երևի դա ամենաբարդ հարցն է՝ բանակցությունների ձևաչափը։ Ով ում հետ է խոսելու։ Կարծես, Բաքվի պահով խնդիր չկա։ Բաքուն կարող է լիազորել իր նույն պատգամավորին, ով մասնակցել է նախորդ հանդիպմանը, կարող է մեկ այլ պաշտոնյայի հանձնարարել, բայց պարզ չէ՝ ով է խոսելու հայկական կողմից, և այստեղ բարդությունները բավական մեծ են՝ հաշվի առնելով, որ դա չի կարող այլևս լինել Հայաստանի ներկայացուցիչը։ Այստեղ Բաքուն ունի փաստարկներ, որոնք հենվում են հայկական կողմի կամ կողմերի սխալների վրա։ Բաքուն, օրինակ, կարող է հայտարարել, որ Ստեփանակերտի քաղաքական վերնախավը լուրջ հակասությունների մեջ է Երևանի հետ, և այստեղ Երևանը խոսելու տեղ չունի, քանի որ ինչ ասի Երևանի ներկայացուցիչը, չի համապատասխանում Արցախում ապրողների դիրքորոշումների հետ։ Մայիսի 28-ի հայտարարությունը նշանակում է, որ Արցախի ներկայիս ղեկավարները նույնպես ընդունելի չեն Բաքվի համար։ 

Ալիևը իր խոսքերից  հետ չի կանգնելու։ Այսօր հայկական կողմի կամ կողմերի կարևորագույն խնդիրն է՝ առաջարկել այնպիսի ներկայացուցիչների, որոնք պետք է որ ընդունելի լինեն, և որոնց դեմ որևէ փաստարկ Բաքուն չի կարողանա ներկայացնել։ Շատ կարևոր է, որ այդպիսի ներկայացուցիչներ ձևավորվեն Արցախում տեղի ունեցող հասարակական-քաղաքական զարգացումների արդյունքում։

Մանրամասները՝ տեսանյութում։