Radar Զրույց

«Երևանում ապրիլի 15-16-ին 40 ավտոբուս կմտնի երթուղի, մայիսի 1-ից՝ 110-ը». Հայկ Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։ Նա անդրադարձել է Երևանի տրանսպորտային խնդիրներին և մանրամասներ ներկայացրել այս ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ։

«Ապրիլի 15-ից նոր ներկրված ավտոբուսները կսկսեն շահագործվել մեր երթուղիներում։

Ապրիլի 15-16-ին նախատեսված է, որ  շուրջ 40 ավտոբուս կմտնի երթուղիներ, մայիսի 1-ից՝ ևս 110-ը, և փուլ առ փուլ բոլոր ավտոբուսները կշահագործվեն երթուղիներում։ Հուսանք՝ մինչև տարեվերջ, ըստ նախատեսվածի, բոլոր միկրոավտոբուսները կլքեն երթուղիները։ Մինչև տարեվերջ նախատեսված է լուծել Երևանի տրանսպորտի խնդիրը։ Երևանն իր առջև դրված խնդիրը 80-90%-ով լուծում է։

Օրենքի փոփոխությունից հետո մասնավոր ընկերությունների համար կհայտարարվեն մրցույթներ, որոնք մասնակից կլինեն ուղևորափոխադրումներին։ Վերջնական երթուղային ցանցը ներդրվելուց հետո հայտնի կլինի՝ քանի մասնավոր ընկերություն է երթուղի սպասարկելու։

Վաղվանից երթուղի դուրս կգան «МАN» 12 մետրանոց ավտոբուսները և կկապեն Աջափնյակը, Արաբկիրը և Քանաքեռ-Զեյթունը։

Մայիս-հունիսին մի քանի փողոցում կանցնենք ավտոբուսների առանձնացված գծերին։

Աջափնյակում 77 կանգառասրահ է տեղադրվել։ Ներկայումս ընթանում են «խելացի կանգառ»-ների տեղադրման վերաբերյալ բանակցություններ։ Որ թաղամասերում աշխարհագրական դիրքը թույլ տա, այնտեղ էլ կլինեն «խելացի կանգառ»-ներ։

Գծանմուշների մրցույթները ժամանակին կայացել է։ Համաձայնագիրն արդեն կա։ Պատրաստ ենք այսօրվանից էլ սկսել, պարզապես, եղանակով պայմանավորված, հնարավոր չէ այս պահին իրականացնել գծանշման աշխատանքները։

Վարորդները կշարունակեն աշխատել նույն գրաֆիկով, բայց աշխատանքի ժամանակացույցի փոփոխություն դիտարկվում է։

Առաջին հայտով ձեռք բերված 15 տրոլեյբուսը պետք է մարտին լինեին Երևանում, բայց 20 օրից ավելի է՝ Լարսի անցակետում են․ խնդիրներ են առաջացել ներկրող կազմակերպության հետ։ Երեկվա տվյալներով՝ 10 օր հետո տրոլեյբուսները Երևանում կլինեն»,- ասել է Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։