Radar Զրույց

«Չէի կարծում, որ Շախմատի ֆեդերացիան հղիության փուլում ինձ կզրկեր ֆինանսավորումից». Լիլիթ Գալոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «Radar Զրույց» հաղորդաշարի հյուրն է շախմատի կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց վարպետ Լիլիթ Գալոյանը։ Նա անդրադարձել է շախմատի ոլորտում առկա խնդիրներին, խոսել այն խնդիրների մասին, որոնց ինքն անձամբ է բախվել։

- Դուք վերջերս հաճախ եք խոսում կին մարզիկների հետ պայմանագրեր կնքելու անհրաժեշտության մասին։ Ինչն է խնդիրը, ինչ անհրաժեշտություն կա, և, այս համատեքստում, պայմանագի՞ր, թե՞ հատուկ օրենսդրական կարգավորումներ են պետք։

- Եթե մարզիկների հետ պայմանագրեր լինեն, նրանք կիմանան, որ որոշակի ժամկետում այն ավարտվում է։ Կամ եթե ավարտվում է, բայց մարզիկը խոցելի վիճակում՝ առողջական խնդիրների կամ հենց հղիության շրջանում, ինչպես իմ դեպքում էր, կիմանա՝ այդ շրջանում լինելու՞ է ֆինանսավորում, թե՞ ոչ։ Այդպես ինքը կկարողանա պլանավորել իր կյանքը, խոցելի շրջանում կիմանա՝ ինչ է սպասվում իրեն։ Ֆեդերացիաները հիմնականում հասարակական կազմակերպություններ են, որոնք ունենում են իրենց կանոնադրությունը։ Դրանց հիման վրա ղեկավարներին, մարզիկներին և այլն տրվում են այս կամ այն իրավունքները։

-Ստացվում է, որ, ինչպես Ձեր պարագայում, հղիության փուլում խախտվում են կնոջ իրավունքները, և ցանկացած կին կարող է հայտնվել Ձեր կարգավիճակում։

- Ստացվում է՝ այո։ Ճիշտն ասած, դեպք էր եղել, որ մարզիկները հղիացել էին, բայց նման խնդիրների առջև չէին կանգնել։ Ուստի, կարծում էի, որ իմ հետ էլ այդ խնդիրը չի լինի, քանի որ դա շատ նուրբ հարց է։ Սակայն իմ հետ կապված փոփոխությունը տեղի ունեցավ նաև հավաքականի մարզիկների կազմավորման փուլում, ու ես չկարողացա շարունակել այդ մրցապայքարը տեղերի համար, այդ իսկ պատճառով դուրս մնացի։ Բայց դա չի մեղմացնում հանգամանքները, որովհետև, կարելի է ասել, ես ֆինանսավորվում էի ու, չկարողանալով մասնակցել, այլևս չէի ֆինանսավորվելու։

Մանրամասները՝ տեսանյութում։