Քննչական կոմիտեն ընդլայնված նիստ է անցկացրել
Հասարակություն
31 Հունվարի 2022, 17:40
ՀՀ Քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ տեղակալ Վիգեն Մեսրոպյանին։
Անդրադառնալով նախորդ տարվա վիճակագրությանը՝ Մեսրոպյանը տեղեկացրել է, որ 2021թ. ընթացքում Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների և բաժինների վարույթում կրկնակի հաշվառմամբ քննվել է 32544 քրեական գործ, այսինքն՝ 6094 քրեական գործով ավելի, քան 2020թ.:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մյուս տեղակալը՝ Արթուր Մելիքյանը ներկայացրել է, որ գլխավոր վարչությունում նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է քրեական գործերի 26.6% աճ, ինչը հիմնականում պայմանավորված է կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների դեպքերի, կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների, ինչպես նաև՝ բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ թմրամիջոցների իրացման աճով։
Ամփոփելով կոլեգիայի նիստի աշխատանքները՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանը շնորհակալություն է հայտնել համակարգի բոլոր աշխատակիցներին՝ կառույցի համակողմանի գործունեությունն ապահովելու համար առավելագույն հնարավորն անելու համար:
Ա. Քյարամյանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ 2022թ. ընթացքում նախատեսվող բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները պատշաճ կերպով իրագործելու համար։
Հետևեք մեզ Telegram-ում