Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 22 ℃

Рус Eng

Քննարկվել են թափառող կենդանիների խնդիրների լուծման տարբերակներ

Հասարակություն

1 Փետրվարի 2022, 11:51

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ թափառող կենդանիների խնդրի լուծման այլընտրանքային և առավել իրատեսական տարբերակ ձևավորելու վերաբերյալ։

Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի գլխավորած քննարկմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ։

Պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները քննարկել են մասնավորապես թափառող կենդանիների տեղաբաշխումը բնակավայրերում և ոհմակների ձևավորման պատճառներն ու փորձել են բնակավայրերի հարակից տարածքներում և բնական էկոհամակարգերում թափառող կենդանիների թվաքանակի կարգավորման խնդիրների լուծման նպատակով տեղական ու օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ֆինանսական միջոցներ հայթայթելու եղանակներ գտնել։

Նախարարի տեղակալը Շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել ներգրավվել խնդրի կարգավորման գործընթացներում՝ անհրաժեշտության դեպքում օժանդակելով մասնագիտական գիտելիքներով և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգմամբ։

Խնդրո առարկա դաշտում գործունեություն ծավալող կազմակերպությունների, առկա պատկերի, համայնքների կողմից խնդրի կարգավորման հատվածային լուծումների տարբերակով կարևորվել է համեմատաբար խոշոր մի քանի համայնքներում թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնների ստեղծման և վերջիններիս մեթոդական աջակցությունը՝ Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի միջոցով իրականացնելու հարցը։

Հետևեք մեզ Telegram-ում