Հասարակություն

Քննարկվել են Հայփոստի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականից հետո Հայփոստի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Պատասխանատուները նշել են, որ աշխատանքներն ուղղված են եղել ուղղակի փոստային ծառայություններից դեպի ավելի ընդգրկուն ծառայությունների մատուցմանը: Հաշվետու ժամանակահատվածում ստեղծվել է օրինակելի բաժանմունքի մոդելը, 26 փոստային բաժանմունք վերանորոգվել է, հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ են բացվել Իջևանում, Գյումրիում, առաջիկայում կբացվի նաև Վանաձորում:

Ապահովվել է նաև Հայփոստի ցանցի տեխնիկական հագեցվածությունը, ավելացվել է ավտոպարկը, արդյունքում՝ փոստի փոխանակման ժամկետը կրճատվել է 3 անգամ, տեղի է ունեցել փոստային ծառայությունների թվային տրանսֆորմացիա: Լայնածավալ աշխատանքներ են տարվել միջազգային համագործակցության խթանման ուղղությամբ, ինչի արդյունքում էապես նվազել են դեպի ՌԴ, Եվրոպա և ԱՄՆ փոստային ծառայությունների սակագները:

Մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով ներդրվել են Haypost med, Haypost pay և այլ գործիքներ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել Հայփոստի կապիտալ ներդրումներին, որոնք միտված են լինելու փոստային 486 բաժանմունքների վերանորոգմանը, ավտոպարկի թարմացմանը, թվային տրանսֆորմացիայի ամբողջականացմանը:

Խորհրդակցության ընթացքում մտքեր են փոխանակվել Հայփոստի շարունակական զարգացումն ապահովելուն ուղղված միջոցառումներին, ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է թվային լուծումների գնալու քաղաքականությունը և ընդգծել, որ Հայփոստի խնդիրն է՝ մատուցվող նորանոր ծառայությունների միջոցով նպաստել քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայփոստը պետք է շարունակի էլեկտրոնային առևտրում ներգրավվելու քայլերը, ինչը թույլ կտա նաև հեռավոր շրջաններում բնակվող մեր քաղաքացիներին առավել դյուրին օգտվել այդ ծառայություններից՝ հաշվի առնելով Հայփոստի բաժանմունքների լայն սփռվածությունը:

Վարչապետը հանձնարարել է գնահատել պետական այն ծառայությունները, որոնք հնարավոր կլինի մատուցել Հայփոստի միջոցով՝ այդպիսով ընդլայնելով վերջինիս գործունեության դաշտն ու նպաստելով ծառայությունների ավելի որակյալ և սեղմ ժամկետներում մատուցմանը: