Մամուլ

Քննարկում են մանդատները դնելու տարբերակը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Հայաստան» դաշինքում հասկանում են, որ գնալով իրենց վարկանիշը իշխանությունից ոչ պակաս անկում է ապրում, և տարբեր գործիքակազմերի կիրառման վերաբերյալ պարբերաբար քննարկումներ են ունենում՝ փողոցային պայքարը թեժացնելու և խորհրդարանական աշխատանքին զուգահեռ տանելուց մինչև մանդատները վայր դնելը:

Որքան էլ տարակուսելի է, սակայն վերջին այդպիսի քննարկումներից մեկի ընթացքում պարզ է դարձել, որ դաշինքում մեծամասնություն են կազմում այն պատգամավորները, որոնք դեմ են մանդատները վայր դնելուն, թեպետ ընտրությունների հաջորդ օրը քննարկվել և համաձայնություն է տրվել, որ ինչ-որ պահի քննարկելու են այս հնարավորությունը:

Դաշինքի ներկայացուցիչները շարունակում են մարզային այցերը, չի բացառվում, որ առաջիկա ամիսներին ռեստարտի համար փողոցային ակցիաների շարք սկսեն: Մանավանդ, որ արտախորհրդարանական ընդդիմությունն արդեն նման ծրագրեր է մշակում և անգամ հայտարարում դրա մասին»: