Քաղաքական

Քննարկել են շիրակցի գերիների հայրենադարձման խնդիրը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Ողջունելով դեսպանին և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին՝ մարզպետն անդրադարձել է մինչ այժմ իրականացված ծրագրերին՝ ընդգծելով դրանց խորացման ու ընդլայնման կարևորությունը․ «Մեծարգո պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ։ Այս տարի նշում ենք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը, և այս համատեքստում, կարծում եմ՝ ներկա մեր օրակարգով քննարկելու բազմաթիվ հարցեր կունենանք, որոնք կվերաբերեն տարբեր ոլորտների։ Տարին հոբելյանական է, և անելիքներն ու նախաձեռնությունները, վստահաբար, միտված են լինելու մեր դարավոր բարեկամության ամրապնդմանը»։

Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախալի է, երբ տեսնում է արդեն հաստատված հարաբերությունների խորացմանը միտված նախաձեռնողականություն․ «Հարգարժան տիկին մարզպետ, նախ թույլ տվեք ձեզ մաղթել հաջողություններ այս աշխատանքում և նշել, որ անչափ գնահատելի են ձեր մոտեցումը և արդեն նախանշված բարեկամության ու համագործակցության խորացման համար պատրաստակամությունը։ Մենք ևս շահագրգիռ ենք խորացնել փոխգործակցությունը և օգտագործել այն ներուժը, որ առկա է մեր հարաբերություններում»։

Շիրակի մարզպետն անդրադառնալով հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը՝ կարևորել է ռուսական կողմի աջակցությունը հետպատերազմյան ժամանակաշրջանում՝ ընդգծելով խաղաղապահ զորքերի միջնորդությունը գերիների վերադարձման գործում, միաժամանակ անդրադառնալով շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին։

Կողմերը խոսել են նաև հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների մասին։
 
Մարզպետը նշել է, որ նախատեսվում է անցկացնել հայ-ռուսական բարեկամության օրեր, որոնց շրջանակում տարատեսակ ծրագրեր կիրականացվեն, բաց դռների օրեր կլինեն ռազմաբազայում, կլինեն նաև փոխադարձ այցելություններ և այլ նախաձեռնություններ։