Մամուլ

Ո՞վ կլինի ՀԱԿ վարչապետի թեկնածուն. ո՞ւմ անունը կհրապարակեն վաղվա միջոցառմանը. «Հրապարակ»

Ո՞վ կլինի ՀԱԿ վարչապետի թեկնածուն. ո՞ւմ անունը կհրապարակեն վաղվա միջոցառմանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին գրել էինք, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնադրած ՀԱԿ-ում քաղաքական ուժերի հետ անցկացված կոնսուլտացիաներից հետո եկել են այն եզրահանգման, որ միայնակ են մասնակցելու 2026 թ. ընտրություններին, միևնույն ժամանակ՝ բաց են համագործակցության համար այլ ուժերի և անհատների հետ: ՀԱԿ-ում կարծում են՝ եթե միավորում, ապա իրենց առանցքի շուրջ։ Կուսակցությունն ուրբաթ օրը Holiday Inn հյուրանոցում նախատոնական միջոցառում է անցկացնելու, որի ընթացքում Կոնգրեսը կհայտարարի 2026 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի և վարչապետի թեկնածուի մասին։

Որոշ տեղեկություններով՝ ձևաչափը միայնակ մասնակցելն է, իսկ վարչապետի թեկնածուն` ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Փորձեցինք այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանից, սակայն նա հարցը լսելուն պես հանկարծակիի եկավ ու պատասխանեց․ «Չեղավ, չեղավ»։ Ապա հորդորեց մասնակցել միջոցառմանը, որտեղ ամեն բան պարզ կլինի: Փաստորեն, չե՞ք հերքում։ Մանուկյանն անդրդվելի մնաց` կրկին հորդորելով մասնակցել միջոցառմանը։

Հիշեցնենք, որ կուսակցությունների մասնակցության դեպքում ընտրագրավի չափը 7,5 մլն դրամ է, դաշինքների դեպքում` 15 մլն։ Եթե սրան գումարենք նաև քարոզչության համար անհրաժեշտ գումարները, ապա կստացվի, որ ընտրություններին մասնակցելը թանկ հաճույք է»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական