«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը այսօր Կառավարության օրակարգում ընդգրկված նախագծերից մեկի միջոցով կլուծարի «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, որը 2011 թվականի հունվարից հեռարձակում է «Շողակաթ» տեսալսողական ծրագիրը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Կառավարության պաշտոնական կայքից։
Կառավարությունը հոկտեմբերի 2-ին հավանություն է տվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով առաջարկվում է կրճատել հանրային հեռարձակողների թիվը։ Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, հանրային հեռարձակողների թիվը։
Գործող օրենքով հանրային հեռարձակողները երեքն են՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը», «Հայաստանի հանրային ռադիոընկերությունը» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը», որը 2011 թվականի հունվարից հեռարձակում է «Շողակաթ» տեսալսողական ծրագիրը։
Դեռ հոկտեմբերին, առաջարկվող փոփոխությունը ընդունելի չէր եղել Հանրային հեռարձակողի խորհրդի համար։ Կառավարությանը ուղարկված գրության մեջ Խորհուրդը նշել էր, որ մշակութային ուղղվածության առանձին տեսալսողական ծրագրի առկայությունը և հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի միջոցով պարտադիր է։ Իսկ ահա այսօր Կառավարության օրակարգում ընդգրկված նախագի ամփոփաթերթում Հանձնաժողովը նշել է՝ «Հանրային հեռարձակողի խորհուրդը «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ ու դիտողություններ չունի:»
Նախագծով սահմանվում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով»։