«Հրապարակ» թերթը գրում է. «2026-ի ընտրություններին ընդառաջ, ընդդիմադիրները տևական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկումների, բանակցությունների մեջ են` հնարավոր մեծ ճակատներով մասնակցելու շուրջ: Բայց մինչ այս պահը որևէ միավոր չի ձևավորվել, ընդդիմադիրները որոշ փակագծեր կբացեն տոներից հետո։
Սակայն տեղեկություններ կան, որ ՀՀ առաջին նախագահի ՀԱԿ-ում ներքին քննարկումներում իշխում է այն դիրքորոշումը, որ դեմ չեն միավորմանը, բայց միայն իրենց առանցքի շուրջ։ Խոսակցություններ կային, որ ՀԱԿ-ը «Մեր ձևով» շարժման հետ է նաև բանակցում, սակայն մեզ ասացին, որ չի ստացվել։
Իսկ Արման Թաթոյանի հետ համագործակցության էջը փակված են համարում, որովհետև վիրավորվել են ասուլիսում նրա արած հայտարարությունից, թե Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհը ՀՀ 3 նախկին նախագահների չառաջադրվելն է։ Երեկ ՀԱԿ անդամների հետ չհաջողվեց խոսել, թեև Լևոն Զուրաբյանը բազմիցս է հայտարարել, որ քաղաքական տարբեր ուժերի հետ բանակցություններ են ընթանում, որոնք դեռ արդյունք չեն տվել։
Ամիսներ առաջ էլ ՀԱԿ-ի, Ա. Թաթոյանի, ԼՀԿ-ի, Սուրեն Սուրենյանցի, «Ապրելու երկրի» և Վիկտոր Մնացականյանի միջև էին կոնսուլտացիաներ ընթանում` միավորման օրակարգով: Այս ցանկից հայտնի է, որ Սուրենյանցը Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ճակատում կլինի, իսկ մյուս ուժերի հարցում դեռ անորոշություն է»։