Մամուլ

Տեր Թադեն շարունակում է «պատարագ» մատուցել․ «Ժողովուրդ»

Տեր Թադեն շարունակում է «պատարագ» մատուցել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանը՝ նախկին Տեր Թադե քահանան, շարունակում է Ներքին Բազմաբերդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում պատարագներ մատուցել և եկեղեցական այլ ծիսակատարություններ իրականացնել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է հենց ինքը՝ Թախմազյանը։

«Այս կիրակի Բազմաբերդի եկեղեցում, որտեղ ես մինչ այս էլ հոգևոր ծառայություն էի իրականացնում, պատրաստվում եմ կիրակնօրյա պատարագ մատուցել։ Անցած կիրակի էլ եմ ես մատուցել և ասեմ, որ հիմա մարդիկ ավելի շատ են գալիս իմ պատարագներին»,- ասել է Թախմազյանը։

Նրա՝ կարգալույծ հռչակվելուց անմիջապես հետո ArmLur.am-ը զրուցել էր Թախմազյանի հետ։ Վերջինս նշել էր, որ իր համար անսպասելի էր Մայր Աթոռի որոշումը։ Մեր այն հարցին՝ պատրաստվո՞ւմ է կարգալույծի կարգավիճակով խորան բարձրանալ, ինչպես արեց Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանը, Թախմազյանը խուսափել է պատասխանելուց` ասելով, որ առայժմ չգիտի՝ ինչ է անելու։

Թե ում կողմից է աջակցություն կամ խորհուրդ ստացել շարունակելու «պատարագ» մատուցել, ինչպես Ստեփան Ասատրյանը, առայժմ չենք կարող ասել։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ էր հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական