«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ 2018 թ․ մի անհեթեթ մեղադրանքով, որը 7 տարի ընթացք չէր ունեցել, դատարանը` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, երկամսյա կալանք տվեց, և նրան տեղափոխեցին ԱԱԾ «պադվալ»` «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:
Եվ նա հայտնվեց այն խցում, որտեղ արդեն քանի ամիս է՝ ապրում են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Արդեն հայտնի է, որ այս խցում գաղտնալսում են սրբազաններին և անգամ նրանց խոսակցություններից պատառիկներ արդեն կցել են քրեական վարույթներին, ինչը չլսված օրինախախտում է:
Իսկ կալանավորված չորրորդ եպիսկոպոսը՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որը Վեհափառի քրոջ որդին է, գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Կլորներում, որը համարվում է ամենավատ բերդերից մեկը»։