«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն ԴԱՀԿ նախկին պետի հարազատներին, յուրաքանչյուրին 50 միլիոն դրամ գրավի դիամաց ազատ է արձակել։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբայրը (քեռու որդին)՝ «Միկշին»-ի սեփականատեր Տիգրան Հարությունյանը, ևս մեղադրյալի կարգավիճակ ունի:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։
Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու համար։
Ու մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետի հարազատների շուրջ, վերջիններս նաև դատական համակարգում են կռիվ տալիս։
Armlur.am-ը գրել էր, որ Միհրան Պողոսյանի քեռու որդին՝ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի սեփականատերը, 8 հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի: Նա պահանջում է պարտավորեցնել կոմիտեին «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ին պետական գրանցում տրամադրել Թիվ 02-040-0303-0010 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականության իրավունքի վերաբերյալ։
Ասել է թե՝ Ապարանի Եղիպատրուշ համայնքում «Մայլեռ» լեռնադահուկային հանգստավայրը գործում է, և սեփականատերերը հանգստավայրը ցանկանում են սեփականաշնորհել ու Կադաստրի կոմիտեն գրանցումը չի իրականացնում:
Հիշեցնենք, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ի իրական շահառուն՝ «Միկշին» ՍՊԸ-ի սեփականատեր Տիգրան Հարությունյանը, հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխայիլ Հարությունյանի որդին է, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը։ 2021 թվականից մինչ օրս ընկերությունը Կառավարությունից մի քանի անգամ աջակցություն է ստացել։
Ուշագրավ իրավիճակ է այն առումով, որ մինչ Միհրան Պողոսյանը ՀՀ իշխանությունների դեմ է պայքարում, վերջինիս քեռու որդին արտոնյալ պայմաններում հողի սեփականատեր է ցանկանում դառնալ, իսկ մի մասն էլ Հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում է»։