«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 3-ի կեսօրին Իջևան-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի Գոշ տանող խաչմերուկից քիչ հեռու, Դիլիջան ճանապարհի վերևի մասում անտառի գլխին ծխի մեծ ամպ էր կանգնած։ Դիլիջանի բնակիչները մեզ հայտնեցին, որ հերթական անգամ Դիլիջանի աղբավայրն է այրվում։ Այդքան մեծ ծախսեր արվեցին, ջանքեր գործադրվեցին, հրդեհը մարելու համար օգնության հասան անգամ վանաձորցի հրշեջները, որոնք ավտովթարի ենթարկվեցին, և զոհ ու վիրավորներ ունեցանք։
Ի վերջո, մի կերպ մարեցին Դիլիջանի ազգային պարկի անտառներում բռնկված հրդեհի օջախները, հրդեհ, որը Տավուշի անտառներին, բուսական, կենդանական աշխարհին, շրջակա միջավայրին մեծ վնաս հասցրեց։ Դիլիջանում դեռ անձրև, ձյուն չեն տեղում, չոր տերևները՝ խաշամը, հեշտորեն կարող է նորից բռնկվել, և հիմա հարկավոր էր տասնապատիկ զգույշ լինել։
Մինչդեռ Դիլիջանի աղբավայրն է վառվում, որից կարող է նոր՝ ավելի ուժեղ հրդեհ բռնկվել, քանի որ թեթև քամին, կեդանիները, թռչունները կրակը կարող են տարածել անտառներում։ Սրան նպաստում է նաև այն, որ Դիլիջանի աղբավայրը ցանկապատված չէ, այնտեղ կովեր են արածում՝ սնվելով թունավոր նյութերով։
Իսկ Դիլիջանի համայնքապետարանը միջոցներ չի ձեռնարկում աղբավայրը ցանկապատելու, հրդեհները բացառելու ուղղությամբ։ Վերահսկող մարմիններն էլ, օրինակ՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, չեն նկատում աղբավայրի ողբալի վիճակը»։