«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ ArmLur.am-ի տվյալներով, Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ. կա կաշառք ստանալու գործով կալանավորված դասախոս։
Մանրամասների համար դիմել էինք Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից, ի պատասխան, հաստատեցին տեղեկությունը՝ նշելով. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Եվս երկու անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են»:
Ըստ մեզ հասած տվյալների՝ այսքանով իրավապահների օպերացիան չի դադարեցվի: Մոտ օրերին նախատեսվում են գործընթացներ նաև այլ բուհերում, սակայն օպերացիան չտապալելու համար այս պահին անուն չենք հայտնի:
Հիշեցնենք, որ 2025թ. հոկտեմբերի 17-ին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը տեղեկացրել էր, որ ռեկտորն ու պրոռեկտորը մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու համար:
Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին նաև համալսարանի այլ աշխատակիցներ:
Արդյունքում՝ դատարանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք և որպես համակցված միջոց՝ 20 մլն դրամ գրավ։
Մանկավարժականի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը չի կալանավորվել։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Հարությունյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ հաշվի առնելով, որ տվել է խոստովանական ցուցմունք»։