«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը պաշտոնավարել է նաև 44-օրյա պատերազմի օրերին, երեկ հայտարարեց, որ դիմել է ԱԺ նախագահին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին և հանձնաժողովում իր մասնակցությամբ նիստերի արձանագրություններին ծանոթանալու համար, սակայն մերժում է ստացել՝ այն հիմնավորմամբ, որ զեկույցն իրավական կարգավիճակ չունի․ հայտնի է, որ ԱԺ նախագահն այն ուղարկել է խորհրդարանի գաղտնի բաժին, որին ծանոթանալու իրավունք ունեն միայն գաղտնիության «դոստուպ» ունեցող պատգամավորները։
Տոնոյանը տեղեկացրել է նաև, որ խորհրդակցելով իր փաստաբանական խմբի հետ և համարելով, որ մերժումն անհիմն է, կրկին դիմել է ու սպասում է պատասխանի։ Մեր տեղեկություններով, Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու ծանոթանալ զեկույցի հետ, քանի որ, ինչպես նշեցինք, դրան կարող են ծանոթանալ մարդիկ, որոնք գաղտնիության «դոստուպ» ունեն, ընդ որում՝ պատգամավորներից ոմանք, օրինակ՝ Սեյրան Օհանյանը նույնպես, իր նկատմամբ հարուցված քրեական վարույթների պատճառով, չունի այդ «դոստուպը» և թեպետ ցանկություն ունի այդ զեկույցին ծանոթանալու, բայց իրավունք չունի։
Փոխարենը, մեզ ասացին, որ Տոնոյանն իրավունք ունի և կարող է ստանալ իր մասնակցությամբ նիստի արձանագրությունները»։