Մամուլ

Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին փոխնախարարը. «Ժողովուրդ»

Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին փոխնախարարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը ազատվելու է պաշտոնից, որը զբաղեցնում է 2021 թվականից ի վեր։ Ջումայանը սովորել և մինչև 2018 թվականը աշխատել ու գործունեություն է ծավալել Մոսկվայում։ Մի օր էլ Արտակ Ջումայանը եկավ Հայաստան և հեղափոխությունից հետո՝ 2019-2021 թվականներին, զբաղեցրեց ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչի պաշտոնը, ապա 2021 թվականի սեպտեմբերին դարձավ ԱՆ փոխնախարար՝ կատարելու բարեփոխումներ մի շարք ոլորտներում՝ այդ թվում և գյուղական պոլիկլինիկաներում։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արտակ Ջումայանը կնշանակվի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Իսկ ինչ ունեցվածքով կհեռանա նախարարությունից Ջումայանը.

Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ նախկին փոխնախարարը ունի տարբեր տարիների ձեռք բերված 3 բնակարան (Ջումայանը 3 անչափահաս զավակ ունի)։

Բնակարաններից 2-ը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում են, իսկ մյուսը՝ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում։

Բնակարանները, հավանաբար, գնվել են 2019 և 2021 թվականներին։

2021 թվականին գնած բնակարանը, ըստ հայտարարագրի, արժեցել է 33 մլն 51 հազար դրամ՝ գրեթե 86 հազար դոլար։

Ջումայանը հայտարարագրել է 2 շարժական գույք՝ UAZ և Toyota մակնիշի մեքենաներ։ UAZ-ը ձեռք է բերվել 2023 թվականին 480 հազար դրամով։

Հայտարարագրում նշված չէր 2021 թվականին ձեռք բերված Toyota մակնիշի մեքենայի արժեքը։

Արտակ Ջումայանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1,6 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 315 հազար դրամ։

Հաշվետու տարվա միակ եկամուտը փոխնախարարի աշխատանքի համար ստացված եկամուտն է՝ 14 մլն 416 հազար դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 437 հազար դրամ, որից 21 մլն 382 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական