Մամուլ

Դատավորների հեռախոսները չեն վերադարձրել. «Ժողովուրդ»

Դատավորների հեռախոսները չեն վերադարձրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն վարչական դատարանի դատավորների հեռախոսներն առգրավել է, ու 2 ամիս է իրավապահները զննում ու զննում են երրորդ իշխանության ներկայացուցիչների բջջայինները։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 28-ին դատավորների աշխատասենյակներում և բնակարաններում խուզարկություններ էին իրականացվել։ Գործի շրջանակում կալանավորված է փաստաբան Արմեն Օհանյանը։ Կոմիտեն դեռևս 1 ամիս առաջ հայտնել էր, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առգրավվել են վարչական դատարանի դատավորներ Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանի և էլի մի շարք դատավորների հեռախոսներ. այս պահին մեզ հստակորեն հայտնի են միայն վերոնշյալ երկու անունները։

Թե ինչ են հայտնաբերել դատավորների հեռախոսներում, այս պահին դժվար է ասել։ Չի բացառվում, որ նախաքննական մարմինը որոշակի փակուղու մեջ է հայտնվել, ինչի հետևանքով այս գործով առայժմ տեսանելի առաջընթաց չի նկատվում։ Փաստ է, որ դատավորների տները, աշխատասենյակները խուզարկելուց հետո 2 ամիս է անցել, բայց քննչական մարմինը լռում է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական