«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, թե նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցություններ) բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդը, մուտքերը և ելքերը որքան են կազմել հոկտեմբերի 30-ի դրությամբ։
Վերլուծության արդյունքներով` ամենաունևոր և ֆինանսապես կայուն կուսակցությունը «Հայ հեղափոխական դաշնակցությունն» է, որի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 29 մլն 213 հազար դրամ։
Այս գումարից ելքագրվել է միայն անշարժ գույքի հարկ՝ 1 մլն 875 հազար 335 դրամի չափով։ Նշենք նաև, որ կուսակցությունը Հանձնաժողով չի ներկայացրել բոլոր հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը։
Բանկային հաշվին առկա գումարի չափով 2-րդ տեղում «Հանրապետություն» կուսակցությունն է ՝ 23 մլն 492 հազար դրամ բանկային հաշվի մնացորդով։ Կուսակցության ծախսերը համեմատաբար համեստ են. 8 աշխատողի աշխատավարձի և արձակուրդայինի վճար՝ 1 մլն 72 հազար դրամ, դրոշմանիշային վճար՝ 18 հազար դրամ, ինչպես նաև մի շարք անկանխիկ փոխանցումներ՝ նվազագույնը 6,930-ից մինչև առավելագույնը 29,633 դրամ։
3-րդ տեղում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 15 մլն 360 հազար դրամ բանկային հաշվի մնացորդով։
Այս գումարից 462 հազար 700 դրամը կուտակվել է 41 անձից ստացված անդամավճարներով՝ նվազագույնը կազմել է 1,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ։
Բացի դրանից ՔՊ-ն հաշվից ելքագրել է 31 մլն 487 հազար դրամ այլ ծախսերի համար. նվազագույնը՝ 300 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,080,000 դրամ, իսկ 30 մլն դրամը փոխանցվել է նախընտրականի հաշվին։
4-րդ տեղում «Հայրենիք» կուսակցությունն է 1 մլն 156 հազար 594 դրամ բանկային հաշվի մնացորդով։ Կուսակցությունը 1 մլն դրամ փոխանցել է նախընտրական հիմնադրամին։
Կուսակցության հաշվին մուտքերը եղել են. «2 անձից ստացած նվիրատվություն, յուրաքանչյուրից՝ 500,000 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 1 մլն դրամ», և ևս 1 մլն դրամ հետևյալ նկարագրությամբ՝ «այլ մուտքերն արգելված է ստանալ «Հայրենիք» կուսակության նախընտրական հիմնադրամում»։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության բանկային հաշվի մնացորդները կազմել են 15 հազար 165 դրամ։
«Ժառանգություն» կուսակցության վերաբերյալ ՀՀ բանկերում որևէ տեղեկատվություն չի եղել. այսպես նշված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։
«Համահայկական ճակատ» կուսակցությունը 1 անձից ստացել է նվիրատվություն 192 հազար դրամ, իսկ, ահա, հոկտեմբերի 30-ի դրությամբ հաշվի մնացորդը կազմել է 13 հազար 600 դրամ։
«Առաջ աջակենտրոն» կուսակցությունը, որը «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության հետ կազմում է «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, ներկայացրել է ՀՅԴ-ից համեստ ֆինանսական հաշվետվություն, ըստ որի՝ կուսակցությունն այժմ բանկային հաշվում գումար չունի և միայն 490 հազար դրամ հատկացրել է Վաղարշապատ համայնքի՝ 2025 թվականի նոյեմբերի 16-ի ավագանու ընտրության քարոզարշավի նպատակով։
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը 1 անձից ստացել է 2,5 մլն դրամ նվիրատվություն և նույնքան էլ հատկացրել է Վաղարշապատ համայնքում ընտրության ծախսերի համար ու հոկտեմբերի վերջին բանկային հաշվին գումար չի ունեցել»։