Մամուլ

Մերձավանի նախկին գյուղապետի եղբորը հարցաքննել են. «Ժողովուրդ»

Մերձավանի նախկին գյուղապետի եղբորը հարցաքննել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության քրեական գործի շրջանակում Քննչական կոմիտեն կրկին հարցաքննության է հրավիրել Մերձավանի նախկին գյուղապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եղբորը՝ Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ախտոյանին։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Դավիթ Ախտոյանից, ինչին ի պատասխան վերջինս հաստատեց, որ կրկին հրավիրվել է ու հարցաքննվել: Նա ամփոփեց՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում, քննությունը ամեն ինչ կպարզի, և այլ բան չի կարող հայտնել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը դաժանաբար սպանվեցին երկու հոգի՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։

Այս սպանությունը խոր արմատներ ունի. ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է Ախտոյանների և Գրիգորյանների հակասություններին, որոնք տարիներ շարունակ վերածվել են բախումների՝ հատկապես ընտրական գործընթացների ժամանակ։ Ժամանակի ընթացքում նրանց թշնամությունը միայն խորացել է՝ հասնելով իր գագաթնակետին։

Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Մերձավանի նախկին գյուղապետն է (ՔՊ-ական), իսկ եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը, «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամ։ Այս տարվա փետրվարի 5-ին Մհեր Ախտոյանի տան պատուհանի տակ արձանագրված միջադեպը ևս կապված էր նույն լարվածության հետ։ Ախտոյանը դեպքերի ընթացքին հետևել էր տեսախցիկներով՝ անգամ տեսանկարահանելով կատարվողը, թե ինչպես էին իր և Գրիգորյանի կողմնակիցները միմյանց ծեծում։ Այդ միջադեպի հետևանքով սպանվեց Մհեր Ախտոյանի հարազատի որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, իսկ մեղադրյալի աթոռին հայտնվեցին միանգամից 14 անձինք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական