«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի փետրվարին և արդեն 5 տարի համակարգում է ոլորտը։
Մինչ այս պաշտոնը զբաղեցնելը Խոջոյանը 10 տարի աշխատել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամում որպես զարգացման ծրագրերի ղեկավար։2019-ից նա ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» և «Գյուղատնտեսական քաղաքականության մոնիթորինգի և գնահատման կարողությունների բարձրացման» ծրագրերի տնօրենն էր։
Խոջոյանը հասցրել է ղեկավարման տարիներին գույքով ապահովվել։
Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի նրա հայտարարագրի՝ նա ունի 3 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որոնցից 2-ն էլ գտնվում են Արաբկիր վարչական շրջանում ու ձեռք են բերվել 1995, 2017 թվականներին, և ավտոկայանատեղի, որը ձեռք է բերվել դարձյալ 2017 թվականին։
Փոխնախարարը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։
Նրա բանկային ավանդները կազմել են 5,4 մլն դրամ և 200 դոլար։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 25 հազար դոլար, 229 հազար 862 դրամ։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 750 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 531 հազար դրամ, որից 15 մլն 217 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Էկոնոմիկայի նախարարությունից, 2 մլն 585 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։
Եկամուտներից 409 հազար 588 դրամը «Տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսն» է, 318 հազար 718 դրամը ևս «Տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսն» է «Ամերիաբանկից»։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30 մլն 364 հազար, որից գրեթե 30 մլն դրամը 2 բնակարանի և 2 ավտոկայանատեղու հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Ստացվում է՝ 10 մլն 495 հազար դրամը բնակարանի և ավտոկայանատեղու հիփոթեքի գումարն է, իսկ 19 մլն 644 հազար դրամը կրկին բնակարանի և ավտոկայանատեղու հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Հիշեցնենք, որ Արման Խոջոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»։
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                