Մամուլ

Կասկադի վերակառուցման ծրագիրը հաստատվեց. Ավինյանի իմիջը փոխվում է․«Ժողովուրդ»

Կասկադի վերակառուցման ծրագիրը հաստատվեց. Ավինյանի իմիջը փոխվում է․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ կառավարության նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց ներդրումային ծրագիր, որի նպատակն է կարգի բերել Կասկադ համալիրի ամբողջական տեսքն ու կյանքի կոչել թամանյանական ու ջիմթորոսյանական կոնցեպտը: Քաղաքապետը, մասնավորապես, նշեց, որ կառուցապատման ավարտից հետո կունենանք համայնքի ենթակայության տակ գտնվող 1000 տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, նոր ցուցասրահներով հագեցած պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված առանձնացված հատված: Կձևավորվի մշակութային նոր հանգույց՝ շուրջ 30 հզ քառ. մետր տարածքով, իսկ կառուցապատող ընկերությունը շրջակա մոտ 4.5 հա տարածքի վրա կիրականացնի կառուցապատում, որը ներդաշնակ կլինի տարածքի ու համալիրի ճարտարապետությանը:

Տիգրան Ավինյանը նշեց նաև, որ Կասկադի այդ հատվածը 2007 թվականից փորված է, ու գործը տեղից չի շարժվել. այն տարիներին հայտարարվել է մրցույթ, որին հաղթել է նյույորքյան ընկերություն, սակայն շինարարությունը ավարտին չի հասել: Վերջին տարիներին հայտարարված մրցույթներին մասնակցել են բազմաթիվ հայ ճարտարապետներ իրենց նախագծերով, սակայն երկար քննարկումներից հետո որոշում է կայացվել՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկությամբ որոշել հաղթողին: Քվեարկության են դրվել երկու նախագծեր՝ մեկը վերոնշյալ նյույորքյան ընկերության, իսկ մյուսը ֆրանսիական ընկերության կողմից առաջարկված նախագծերը: Քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել երկրորդը՝ ֆրանսիականը, որն էլ քաղաքապետարանի կողմից վերցվել է որպես էսքիզային տարբերակ, ու հայտարարվել է մրցույթ, որի պահանջներից է եղել արդեն իսկ նշված համերգասրահի, թանգարանի ու մյուս կառույցների պարտադիր ներառումը ու դրանց սեփականության իրավունքով քաղաքային իշխանություններին հանձնելը, ինչի դիմաց հատկացվել է 4.5 հեկտարի չափով հարակից տարածք կառուցապատման համար: Ըստ քաղաքապետի՝ նվազագույն ներդրումային չափն իրենց կողմից առաջարկված է եղել 13 մլրդ դրամը, սակայն հաղթող ընկերությունն առաջարկել է կենտրոնական հատվածի համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում, բացի դրանից՝ կառուցապատողը Երևանի քաղաքապետարանին վճարելու է 10 մլրդ 449 մլն դրամ՝ հողի կադաստրային արժեքի չափով, նաև իրականացնելու է կանաչապատման աշխատանքներ: Քաղաքապետն իր խոսքում նշեց նաև, որ կառուցապատողին փոխանցվելիք շուրջ 4.5 հեկտարի չափով տարածքի շուկայական արժեքի գնահատումն իրականացվել է 3 տարբեր ընկերությունների կողմից, վերջիններս այն գնահատել են միջինացված՝ 22 մլրդ 200 մլն դրամ: Թվային տեսքով ստացվում է, որ մայրաքաղաքը ստանալու է շուրջ 30 մլրդ 688 մլն դրամ:

Ինչ խոսք, տասնամյակներով ձգված խնդրի լուծման նախաձեռնությունն ու ջանքերն Ավինյանինն են, սակայն քաղաքային իշխանությունները լավ կանեն ապահովեն թափանցիկություն շինարարական աշխատանքների ընթացքում, հատկապես՝ մասնագիտական հանրույթի համար:

Հ.Գ մեր տեղեկություններով` վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ. մեզ հետ զրույցներում մասնագետները պնդում են, որ դա հիմնականում պայմանավորված է ապօրինի շինարարությունների դեմ պայքարով, երևանցիներին պատկանող այգիների, մայթերի ու բակային տարածքների վերադարձմամբ։

Նույնիսկ քաղաքապետի նախկին քննադատներն են սկսել հրապարակավ գրառումներով գնահատել այս մոտեցումը»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական