Մամուլ

Վալոդյա Գրիգորյանի մայրը՝ որդու սպանության մասին. «Ժողովուրդ»

Վալոդյա Գրիգորյանի մայրը՝ որդու սպանության մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մեկ ամիս է անցել Փարաքարի համայնքի ընտրված ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունից, սակայն իրավապահ համակարգը դեռ չի ներկայացրել գործի ամբողջական և լուրջ բացահայտում։ Վալոդյա Գրիգորյանի մայրը՝ Մարինե Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ համոզված է՝ սպանությունն ունեցել է ոչ միայն կատարող, այլև պատվիրատուներ և կազմակերպիչներ:

«Պատվիրատուներն ու կազմակերպիչները դեռ ազատության մեջ են։ Միայն կատարողին գտնելը բավարար չէ։ Իրավապահները պետք է հասնեն նրանց, ովքեր կանգնած են այդ ամենի հետևում», – «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր Մարինե Գրիգորյանը։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած իրավապահ համակարգի վստահելի աղբյուրների տեղեկություններով՝ գործի շրջանակում նշանակվել են բազմաբնույթ փորձաքննություններ, սակայն այն դեռևս չի հասել պատվիրատուների և կազմակերպիչների բացահայտմանը։ Սպանության հիմնական օղակները մնում են անհայտ։ Ու քանի որ իրավապահ մարմինները վերջին շրջանում ծանրաբեռնված են քաղաքական ձերբակալություններով և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող գործողություններով, համայնքապետի և նրա հետ եղած ոստիկանության օպեր Կարեն Աբրահամյանի սպանության գործով էական առաջընթաց չի արձանագրվել։

Այս սպանությունը վաղուց արդեն դուրս է եկել միայն անձնական կամ տեղային վրեժի շրջանակից։ Այն դարձել է պետական համակարգի աշխատանքի թեստ՝ ցույց տալու, թե արդյոք իրավապահները պատրաստ են նույն հետևողականությամբ հետապնդել այլախոհների դեմ արված հանցանքների հեղինակներին»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական