«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ նշանակվեց Կարեն Անդրեասյանը, որը ազատվել էր սահմանադրական անկախություն ունեցող Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից:
Եղիշե Կիրակոսյանին, Լիպարիտ Դրմեյանին փոխարինած Կարեն Անդրեասյանի այս նշանակումը հետաքրքրական է մի քանի տեսանկյունից։ Խնդիրը ոչ միայն Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից հրաժարումն է, որը Կիրակոսյանը հրաժարվեց անել, իսկ Անդրեասյանը կանի, այլև այն, որ նա պետության անունից փաստացիորեն պաշտպանելու է ինքն իրեն:
Հիշեցնենք, որ մինչև անցած տարվա նոյեմբերը լինելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ՝ նա նախաձեռնել էր մի շարք դատավորների հեռացումներ։ Հեռացված դատավորները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով Անդրեասյանի քայլերի օրինականությունը։ Այժմ, որպես միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, հենց Կարեն Անդրեասյանը պետք է երկրի անունից ներկայացնի և պաշտպանի այդ նույն գործերի շրջանակում Հայաստանի դիրքորոշումը։
Այս հանգամանքը դիտարկվում է ոչ միայն իրավական, այլև էթիկական հարթությունում։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ, որտեղ նախկին պաշտոնյայի ընդունած որոշումները, որոնք միջազգային ատյաններում առնվազն մասամբ ճանաչվել են ոչ իրավաչափ, նա ինքն է ներկայումս պարտավոր պաշտպանել։ Սա իրավական շրջանակում արդեն որակվում է «շահերի բախում»։