Մամուլ

Վարորդական վկայական ստանալը` պատուհաս. «Ժողովուրդ»

Վարորդական վկայական ստանալը` պատուհաս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վարորդական վկայական ստանալը դարձել է պատուհաս ապագա վարորդների համար։

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ահազանգած քաղաքացիները պնդում էին, որ վարորդական վկայականի տեսական քննությունը հանձնելուց հետո գործնական քննություն հանձնելու համար պետք է սպասել 6 ամիս՝ «Սևանի» և «Աբովյանի» ՀՔԲ-ներում։

Ահազանգած քաղաքացին բացատրեց հետևյալ խնդիրը. «Ես դրական արդյունք եմ ունեցել տեսական քննության ժամանակ։ Քննությունը հանձնել եմ օգոստոսին։ Հաջորդ օրն իսկ ցանկացա գրանցվել գործնական քննության, սակայն «Սևանի» ՀՔԲ-ում հերթը միայն ինձ կհասներ փետրվարի 2-3-ին։ Մտածեցի՝ սպասեմ, նոր օրենքի ընդունումից հետո, հնարավոր է, օրեր ազատվեն։ Եկավ սեպտեմբերը, առաջին մեկ շաբաթում օրեր չազատվեցին։ Հիմա էլ նայում եմ՝ հերթն արդեն հասել է փետրվարի 27-28: Եթե հայտնի թեզին հավատանք, որ «առաջին անգամ ոչ ոք չի ստանում», ապա 2-րդը ևս կլինի 6 ամիս անց, ու կլրանա իմ տեսական քննության ժամկետը։ Ստացվում է, որ էս նոր օրենքն էլ է բյուջե լցնելու համար. փողը տանք՝ ստանանք, կաշառքը օրինականացվել է, էլի»,- վրդովված պատմում է ահազանգողը։

Նոր օրենք ասելով՝ քաղաքացիները նկատի ունեն, որ այսուհետև հնարավոր է վճարի դիմաց վարորդական վկայական ստանալու համար քննությունը վերահանձնել նաև բացասական գնահատական ստանալու հաջորդ օրը։ Օրենսդրական նախագծերի համապատասխան փաթեթը հավանության էր արժանացել ՀՀ կառավարության մայիսի 15-ի նիստում։

Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում անձը կարող է արտահերթ մասնակցել քննությանը՝

հաջորդ օրը՝ 45.000 ՀՀ դրամ վճարի դիմաց,

երրորդ օրը՝ 30.000 ՀՀ դրամ վճարի դիմաց:

Եթե անձը բացասական է ստանում երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, նախկին 30-օրյա ժամկետի փոխարեն արագացված ծառայությունների միջոցով հնարավորություն ունի օգտվել հետևյալ նոր ժամկետներում՝ յոթերորդ օրը՝ 45.000 ՀՀ դրամ վճարի դիմաց, տասնչորսերորդ օրը՝ 30.000 ՀՀ դրամ վճարի դիմաց:

Հարկ է նշել, որ ներքին գործերի նախարարությունը հաշվառման քննական բաժանմունքներում ներդրել էր հերթային համակարգ։ Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գործող ՀՔԲ-ների հերթերը՝ նկատեցինք, որ բաշխվածությունը ոչ համաչափ է։ Օրինակ՝ «Սևանի», «Աբովյանի» և մի քանի այլ ՀՔԲ-ներում ևս տեսական և գործնական քննության գրանցվելու ժամկետը փետրվար ամսի վերջին է, իսկ, օրինակ, «Գյումրի» ՀՔԲ-ում ամենամոտ օրը հոկտեմբերի առաջին շաբաթն է։

Հարկ է ընդգծել, որ անգամ հերթային համակարգը ծանրաբեռնված բաժանմունքների դեպքում նախանշված գործառույթը չի իրականացրել և համոզմունքը, որ գումարով ավելի շուտ քննություն հանձնելը կկատարի սահմանված գործառույթը, գրեթե զրոյական է։

ՆԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին թե որն է ստեղծված պատկերի պատճառը.

«Եթե այս պահին, տվյալ ստորաբաժանման դեպքում, ամենամոտ օրը ցույց է տալիս փետրվարին, ապա հնարավոր է՝ որոշ ժամանակ անց ազատ օր ու ժամ լինի հենց այս ամսվա ընթացքում։ Հերթերի համակարգը ճկուն է և ցանկացած անձ կարող է թե՛ ամրագրել և թե՛ չեղարկել ընտրած օրը։

Բացի դրանից, ՆԳՆ նախաձեռնությամբ իրականացված փոփոխության շնորհիվ քաղաքացին հնարավորություն ունի դիմել մեկ այլ Հաշվառման քննական ստորաբաժանում՝ գործնական քննություն հանձնելու համար։ Այս պահի դրությամբ էլ կան ստորաբաժանումներ, որտեղ հնարավոր է հերթագրվել հենց հիմա, և օրերի ընթացքում մասնակցել քննությանը»,- ասված էր ՆԳՆ-ի արձագանքում։

Ստացվում է՝ օրինակ Սևան քաղաքում բնակվող քաղաքացին, իր տանը մոտ գտնվող բաժանմունքը պետք է թողնի և այցելի, օրինակ, Գյումրի՝ վարորդական վկայականի քննությունը ավելի մոտ օր հանձնելու համար։

Ահա ևս մեկ անհարմարություն՝ մտցված նոր համակարգում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական