«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի երկամսյա կալանքի դեմ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։ Դատական համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ դատավոր Պապոյանը Սարգսյանի պաշտպանների բողոքը չի բավարարելու, և պատգամավորը կշարունակի մնալ կալանքի տակ։
Երեկ նույն դատավոր Ռոբերտ Պապոյանը կալանքի տակ թողեց զոհվածի հորը՝ Արա Ռոստոմյանին. վերջինս ևս կալանավորված էր «Հեղաշրջման պլան»-ի քրեական վարույթի շրջանակում:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։
Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։
Արթուր Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը և իր նկատմամբ իրականացվող գործընթացները համարում է քաղաքական հետապնդում»։