Մամուլ

Ի՞նչ ձևաչափով Սամվել Կարապետյանը կմասնակցի ընտրություններին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանաբնակ գործարար և հայաստանյան խոշորագույն բարերար Սամվել Կարապետյանը քաղաքականություն մուտք գործելու վճռականություն է դրսևորում անգամ կալանավայրից։ Երևանի «Կենտրոն» ՔԿՀ-ի ԱԱԾ «պադվալից» նա արդեն հայտարարել է՝ նոր քաղաքական թիմ է ձևավորում և մտադիր է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Կարապետյանը միանշանակ որոշել է ընտրություններին մասնակցել առանձին՝ առանց միավորվելու նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ։ Նպատակ ունի կազմել տարբեր ոլորտների բացառապես պրոֆեսիոնալներից բաղկացած թիմ, որոնք իրական կարողություն կունենան համակարգային բարեփոխումներ նախաձեռնելու։

Կարապետյանի ձևակերպմամբ, այս թիմը չի լինելու բաժանարար գծերի կողմում։ Նա ընդգծում է՝ պրոֆեսիոնալներ կան նաև գործող իշխանության ներսում, և նրանք պետք է շարունակեն իրենց գործունեությունը ի շահ երկրի։ Քաղաքական մեկնաբանները դա համարում են առողջ ուղերձ բևեռացված հասարակության պայմաններում։

Սակայն Կարապետյանի հայտը, ըստ նույն շրջանակների, ուղեկցվում է ոչ այնքան ճիշտ մի հաշվարկով. մեր տեղեկություններով՝ նա մտադիր է հիմնել սեփական մեդիա։ Գործնական փորձը ցույց է տալիս, որ նման քարոզչական հարթակները հաճախ չեն արդարացնում իրենց՝ խոշոր ծախսեր, կարճաժամկետ արդյունավետություն, բարձր աշխատավարձեր ընտրություններից առաջ, և ոչինչ՝ հետո։

Այնուամենայնիվ, Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանը խաղի մեջ է մտնում։ Նրա քաղաքական հայտը ներկայացված է։ Մնում է պարզել, թե ով է գլխավորելու թիմը. լիդերի հարցը դեռ քննարկումների փուլում է»։