Մամուլ

Դիանա Գասպարյանի սկեսրոջը կհրավիրեն հարցաքննության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի շուրջ սեղմված օղակը հասել է այն կետին, որ առաջիկա օրերին նրա սկեսրոջը կհրավիրեն Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության:

Հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել Էջմիածնի նախկին քաղաքապետին՝ փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:

Իսկ ինչ է կատարվել նախաքննական մարմնում: Նախ, Հակակոռուպցիոն կոմիտեում Դիանա Գասպարյանին պահել են մոտ 1 ժամ: Նա հրաժարվել է նախաքննական մարմնի հարցերին պատասխանելուց և ասել է, թե հրաժարվում է ցուցմունք տալ:

Նախաքննական մարմինը, նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելուց բացի, խափանման միջոց է ընտրել նաև երկրից բացակայելու արգելքը:

Մինչ հարցաքննությունը՝ մայիսի 15-ին, Էջմիածնի ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտնեց, որ հրաժարական է տալիս։ Կուսակիցները նրա հրաժարականի պատճառների մասին մինչև օրս չեն խոսում՝ նշելով, որ Գասպարյանի ներկայացրած պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունեն:

37-ամյա Դիանա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում աղմկահարույց տարբեր պատմություններում էին հայտնվել, հընթացս հարստացել, որոշեց հրաժարական տալ՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետև նվիրել ընտանիքին:

Եվ մինչ քաղաքապետ Գասպարյանը հրաժարականի պատճառների մասին էր խոսում, Հակակոռուպցիոն կոմիտեն գործի անցավ:

Գլխավոր դատախազությունից հաստատել էին քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ տեղեկությունը և հայտնել, որ այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու դրվագներով նախաձեռնված քրեական վարույթը։