Մամուլ

Նորից ուզում են կալանքի տանել․ «Հրապարակ»

Նորից ուզում են կալանքի տանել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գյումրու քաղաքապետի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը, որը կալանավորվել էր մայիսին, մեկ ամսից ազատ արձակվեց: Ինչ-որ շրջան նա ակտիվ բլոգերներից էր, լրագրողական հետաքննություններ էր անում, ուշադիր հետեւում էր Գյումրու անցուդարձին, այժմ անհետացել է սոցիալական հարթակներից:


Մոտ մեկ ամիս առաջ, երբ դատարանը չերկարացրեց Լիլիթին կալանավորելու ժամկետը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նրան նշանակեց իր խորհրդական: Նախկինում երկար տարիներ Աղեկյանը Վարդանիկի մամուլի խոսնակն է եղել: «Քրեական գործից ոչ մի նորություն չկա»,- ասաց նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը: Ինչո՞ւ է լռում Լիլիթը` պաշտո՞նն է պատճառը։


«Ոչ, ես նպատակահարմար չեմ գտնում, որ նա խոսի: Նրանք բողոքարկել են Լիլիթին կալանքից ազատելու որոշումը, եւ իր խոսելով նա խանգարում է: Մեզ պետք չէ հիմա նրանց բերանը լեզու դնել: Չէ՞ որ Լիլիթ Աղեկյանին խոսքի ազատության համար են ճնշում»,- ասաց Փոստանջյանը:


Հիշեցնենք․ Լիլիթ Աղեկյանին մեղադրում են խուլիգանության, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքի համար` 297-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 1-ին մասով եւ 489-րդ հոդվածի 2-րդ մասով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական