«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
Մայիսի 15-ին Էջմիածնի ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտնեց, որ հրաժարական է տալիս։ Կուսակիցները նրա հրաժարականի պատճառների մասին մինչև օրս չեն խոսում՝ նշելով, որ Գասպարյանի ներկայացրած պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունեն:
Մինչ քաղաքապետ Գասպարյանը հրաժարականի պատճառների մասին է խոսում, Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել, ու առաջիկայում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի շուրջ աղմկահարույց գործընթացներ են սկսվելու։
Իսկ ինչ գործընթացների ու մեղադրանքների մասին է խոսքը, և առհասարակ ինչ վարույթով է Հակակոռուպցիոն կոմիտեն մտնում Գասպարյանի տուն։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով «Հետք»-ի՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերնագրով հոդվածը, նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Գլխավոր դատախազությունից հաստատել էին քրեական վարույթ նախաձեռնելու փաստը և հայտնել, որ այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու դրվագներով նախաձեռնված քրեական վարույթը»։