Մամուլ

Դատախազը ևս երկու պատգամավորի հետևից կգա. «Ժողովուրդ»

Դատախազը ևս երկու պատգամավորի հետևից կգա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները կանգ չեն առնելու, ՀՀ գլխավոր դատախազը ընդդիմադիր ևս երկու պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու համար կրկին խորհրդարան կգնա:

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իրավապահներն այժմ զբաղված են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանին ու Իշխան Սաղաթելյանին ևս «ահաբեկչության գործում» ներգրավելու համար` որպես Բագրատ սրբազանի «ահաբեկչական» պլանների իրագործման գլխավոր «հերոսների»: Ընդ որում, դատախազը ԱԺ կգնա «Դաշնակցության» առաջնորդ Իշխան Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությամբ, իսկ Գառնիկ Դանիելյանի վերաբերյալ՝ միայն քրեական վարույթ հարուցելու համար անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Իհարկե, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը երեկ ավելի խիստ պատիժ սահմանեց Գառնիկ Դանիելյանի համար` հայտարարելով, թե նա է տվել Բագրատ սրբազանի տան վարձը, ինչը նշանակում է, որ հովանավորել է ահաբեկչությունը: Սակայն ՔՊ-ն քաղաքական որոշում ունի Գառնիկ Դանիելյանին չկալանավորել, իսկ Իշխան Սաղաթելյանին կալանքի տանել:

Երեկ ՔՊ-ականները քննարկում էին այն հարցը, որ հուլիսի 15-ից ԱԺ-ում սկսվելու են արձակուրդները, ու դեռ հստակ չէ, թե ՀՀ գլխավոր դատախազը երբ կգա. կհասցնի արդյոք մինչև հուլիսի 15-ը, թե կգա սեպտեմբերից մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ընթացքում, դեռ պարզ չէ:

Ի դեպ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ընդդիմադիր կանայք ևս իշխանությունների թիրախում են, ու չի բացառվում՝ հրահանգվել է, որ ամեն գնով պատճառներ գտնեն, խնդիրներ բարձրացնեն, որոնցով հնարավոր կլինի նաև կանաց ներքաշել քրեական թեմաներում` զրկելով նրանց անձեռնմխելիությունից»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական