«Հրապարակ» թերթը գրում է. «Միքայել Աջապահյանը ձերբակալությունից ժամեր անց` կալանավորումից առաջ, մերժեց վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը՝ ասելով, որ հոգևոր գործը վեր է դասում ամեն ինչից: Հետո լուրեր տարածվեցին, որ այդ հարցում նա չի ստացել կաթողիկոսի օրհնությունը, որը, ըստ երևույթին, հույս ունի՝ իրավիճակը չսրել և արժանանալ Փաշինյանի բարեգթությանը: Բայց լավատեղյակներն ասում են` իզուր, հաջորդ թիրախն ինքն է լինելու։
Մեր տեղեկություններով, Աջապահյանի թեկնածությունն առաջարկած Էդմոն Մարուքյանը չի հանձնվում և աշխատանք է տանում, որ Վեհափառը հավանություն տա Աջապահյանին առաջադրելուն, որի շուրջ աննախադեպ կոնսոլիդացիա կա` 36 պատգամավորի ստորագրություն, ինչը բավարար է, որ նախագիծը դրվի շրջանառության մեջ։ Աջապահյանը, ի դեպ, նախկին հարցազրույցներում չի բացառել իր թեկնածության առաջադրումը՝ ասելով, որ եթե Վեհափառն օրհնի՝ ինչո՞ւ ոչ։ Թե ում միջոցով է Մարուքյանը բանակցում Վեհափառի հետ, չեն բացահայտում։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Մարուքյանի թեկնածությունն առաջարկեցին, սակայն ընդդիմադիրները չմիացան։ Եկեղեցու վրա գրոհի օրը Մարուքյանը հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը և առաջարկում է Աջապահյանին: «Հայաստան» դաշինքն իր համաձայնությունը տվեց, «Պատիվ ունեմ»-ը ևս համաձայնեց, բայց՝ 2 ժամվա պաուզայից հետո, երբ Աջապահյանը մերժել էր առաջարկը։ Լուրեր են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանն է Վեհափառին խորհուրդ տվել՝ հետ պահել Սրբազանին։