«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Գևորգ Պապոյանը 2018 թվականին գնել է 1 բնակարան բազմաբնակարան շենքում, հետո ևս մեկը գնել է 2022 թվականին. երկու բնակարաններն էլ Երևանում են:
Որպես տրանսպորտային միջոց՝ նախարար Պապոյանը հայտարարագրել է 1992 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա, բայց նա ծառայողական ավտոմեքենայով է երթևեկում:
Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա նախարարի բանկային ավանդները կազմել են 27 հազար 475 դոլար, իսկ բանկային հաշիվների մնացորդները գրեթե 4,2 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,9 մլն դրամ։
Տեղեկացնենք, որ Գևորգ Պապոյանի՝ 2024 թվականի տարեկան եկամուտները կազմել են 25 մլն 414 հազար դրամ, որից 16 մլն 191 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, 2 մլն 984 հազարը՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Նախարարը 3 մլն 594 հազար դրամ աշխատանքի վարձատրություն է ստացել նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։ Պապոյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է եկամտահարկի վերադարձ 1 մլն 729 հազար դրամի չափով։
Նրա եկամուտների մյուս մասը վարկեր են տարբեր բանկերից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 11 մլն 386 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գևորգ Պապոյանը հանդիսանում է «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության և «Համաշխարհային Առևտրի Կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի անդամ։