Մամուլ

Բրյուսովի համալսարանը՝ խավարի մեջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցած էթիկայի հանձնաժողովի վերջին նիստը, որը ի սկզբանե հրավիրվել էր դեկանի ժամանակավոր պաշտոնակատարի՝ ուսուցիչներին «թափթփուկներ» անվանելու անթույլատրելի արտահայտության քննարկման նպատակով, վերածվել է կրկնակի խայտառակության։

Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարը, այսինքն՝ անձը, որը ներկայում զբաղեցնում է դեկանի պաշտոնը` Լևոն Սարգսյանը, ոչ միայն չստացավ նախազգուշացում կամ պատշաճ քննադատություն, այլև էթիկայի հանձնաժողովի հենց այդ նիստի ընթացքում հնչեցրեց նոր և լրջագույն մեղադրանքներ՝ բուհի աշխատակիցներին ուղղակիորեն մեղադրելով կաշառք տալու մեղադրանքով։

Եվ այդ անձը ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, չսաստվեց, այլև իր այդ վարքի համար պարզապես դահլիճից դուրս հրավիրվեց։ Ոչ մի կարգապահական ընթացակարգ, ոչ մի քննություն, ոչ մի եզրակացություն….

Նկատենք, որ տեղի ունեցածը լոկ էթիկայի խախտում չէ, այլ ակադեմիական խայտառակություն: Համալսարանում հաստատված սարսափի մթնոլորտը, որտեղ ցանկացած չհաճոյացող աշխատակից կարող է դառնալ հրապարակային ճնշման և զրպարտության զոհ, վերածվում է վտանգավոր նախադեպի։

Թերևս ոստիկանների ճնշմամբ ռեկտոր դարձած Դավիթ Գյուրջինյանի կառավարումը հենց այսպիսին պետք է լիներ, այլ հարց է, թե ինչու է լռում ակադեմիական անկախությունը վաղուց ոտնակոխ արած ԿԳՄՍ նախարարությունը՝ ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ»։