«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Կառավարության նիստում որոշմամբ պետք է հաստատվի ««Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության լուծարման մասին» որոշումը։
Համաձայն այս որոշման հիմնավորման փաստաթղթի՝ «որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպություն, «Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, դիմում չի ներկայացվել 2024 թվականի ուսումնական տարվա սկզբից ի վեր, ինչի արդյունքում դասարան չի կազմավորվել, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճք եւ Տաշտուն բնակավայրերում (ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1247-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտունի հինմական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը միացման ձեւով վերակազմակերպվել է՝ միացվելով «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը) փաստացի բնակվող 0-ից 6 տարեկան երեխա չկա։
Այսինքն՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը 2024 թվականի ուսումնական տարվա սկզբից ի վեր ուսումնական գործունեություն չի իրականացնում՝ աշակերտ(ներ) չլինելու պատճառով»,- ասված է հիմնավորման մեջ։
Ստացվում է՝ այս տարի աշակերտ չկա, ուրեմն դպրոց պետք չէ։ Հետաքրքիր հարց է առաջանում. հետո երեխաներ չե՞ն լինելու, որ այդ դպրոցում սովորեն։
Այն. որ առանձին ոլորտներ ՀՀ-ում զուրկ են պետականամետությունից, ընդգծված է, սակայն նման կերպ կրթական ոլորտը մատների համար խաղալիք դարձնելը ոչ իրավական է։
Հարցեր են առաջանում նաեւ ուսուցիչների աշխատանքի վերաբերյալ, թե արդյոք կորցնելու են աշխատանք՝ այն էլ փոքրիկ գյուղում ապրելով, որտեղ աշխատանք գտնելն այդքան էլ հեշ գործ չէ»։