Մամուլ

Ինչո՞ւ է հայ-վրացական հարաբերություններում «սև կատու» անցել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Որոշ տեղեկություններով՝ հայ-վրացական դարավոր բարեկամական հարաբերություններում լարում է առաջացել այն բանից հետո, երբ Բիձինա Իվանիշվիլու նախկին անձնական ֆինանսիստ Գիորգի Բաչիաշվիլուն հաջողվել է Հայաստանի տարածքով փախչել Վրաստանից։ Փախուստը տեղի է ունեցել մարտի կեսերին, Բաչիաշվիլին մեղադրվում է առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակության եւ ապօրինի փողերի լվացման հոդվածներով։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ հայ-վրացական սահմանին վերջին շաբաթների խստացումներն էլ կատարվածի հետևանքն են։ Հայտնի է, որ տևական ժամանակ է՝ հայկական ապրանք տեղափոխող բեռնատարները կանգնեցվում են Վրաստանի սահմանին, ուղղվում Գեյզի անցակետ, ինչն ավելացնում է ինչպես ժամանակային, այնպես էլ ֆինանսական կորուստները։ Պաշտոնական բացատրություն այն է, թե արտահանվող ապրանքները պետք է փորձաքննության ենթարկվեն, մինչդեռ տարանցիկ երկրի՝ փորձաքննություն իրականացնելու իրավունքները սահմանափակ են` զենք և թմրանյութ թույլ չտալու համար։

Բայց հայ-վրացական սահմանում հսկողությունն ուժեղացվել է նաև մարդատար ավտոմեքենաների համար` 5 ուղևորից ավելի փոխադրող վարորդը պետք է ուղևորների ցանկը ներկայացնի սահմանապահներին»։